Մշակույթ

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՀԱնրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները:

«Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: 

Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդում (նախագծի հեղինակ՝ Ա․ Պետրոսյան) և ստացել դրական եզրակացություն։

Նախագծի հիման վրա կազմված նախահաշվային գումարը ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի տեսքով տրամադրել է Գյումրու «Վ․ Աճեմյանի դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որի՝ բաց ընթացակարգով հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել «Արվեստ և ժառանգություն» պատմամշակութային արժեքների վերականգնման կենտրոն» հասարակական կազմակերպությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Որմնանկարի ապամոնտաժման, նոր վայր տեղափոխման և տեղում վերականգնման աշխատանքները տևել են 3 ամիս։

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համայնքապետարան տեղափոխումը պայմանավորված է թատրոնի կողմից հուշարձանի հետագա պահպանության անհնարինությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում