ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նպատակ ունի խթանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի խոշոր ջերմատնային տնտեսությունների զարգացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նախատեսում է տրամադրել պետական աջակցություն առավել խոշոր ներդրումային ծրագրերին։
Ըստ նախագծի՝ ներկայիս աջակցության գործիքները հնարավորություն են տալիս զարգացնել 4-5 հա տարածքով ջերմատներ՝ առավելագույնը 3 մլրդ դրամի վարկի սահմաններում։ Սակայն խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է փոփոխություն, որը հնարավորություն կտա տնտեսավարողներին ստանալ մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ։ Սա կխթանի մինչև 20 հա տարածքով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։
Նախագծի ընդունումը միտված է գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը, ջերմատնային արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և ոլորտի թվայնացման խթանմանը։
Արդյունքում, ծրագրի իրականացմամբ, 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կնքված 4 պայմանագրերի հիման վրա 15,27 հա ջերմատնային տնտեսությունների փոխարեն հնարավոր կլինի հիմնել մինչև 20 հա ջերմատուն՝ ընդլայնելով արտադրության և արտահանման ներուժը։