Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգների հասույթը կփոխանցի պատերազմների, դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վճարներին

3 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգների հասույթը կփոխանցի պատերազմների, դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վճարներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգները ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նշյալ համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի 2016 և 2020 թթ.-ի պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։ Նախագիծն իրականացվում է «4090» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ: 

Դեկտեմբերի 20, 21, 22, 23-ին՝ ժամը 16:00-ին և 19:00-ին, կներկայացվի Ամանորի խորհրդանիշը հանդիսացող Պ. Ի. Չայկովսկու «Շչելկունչիկը»: Հայտնի բալետն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի նոր, շքեղ 3D անիմացիաներով և լուսային տպավորիչ լուծումներով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով դառնալ հեքիաթի մասնակիցը:

Դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտիրի ջազային տրամադրություն: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համագործակցությամբ՝ հանդիսատեսին կներկայացվի CHRISTMAS JAZZ տոնական համերգը: Ամանորի և Սուրբ Ծննդյան ճանաչված և սիրված մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ: 

«Վիեննա-Գալա» տոնական շքեղ համերգով դեկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կեզրափակի 2024 թվականը: Կհնչեն Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը՝ նրբագեղ պարահանդեսային պարերի ուղեկցությամբ: Համերգի դիրիժորն է՝ Էդուարդ Թոփչյանը: Մինչ համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ից, ճեմասրահում կլինեն պարահանդես և շամպայնի հյուրասիրություն: Խրախուսվում է համերգին ներկայանալ երեկոյան հագուստով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում