ԵԱՏՄ-ում ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության առաջին վերազգային գործիքն ուղղված է արտադրության նոր մոդելների ստեղծմանը. Բարսեղյան

4 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում դեկտեմբերի 13-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերական ոլորտներում փոխգործակցության նախագծերի ֆինանսական աջակցության վերազգային նոր մեխանիզմի ներդրման, ինչպես նաև Միության շրջանակներում արդյունաբերական փոխգործակցության սուբսիդավորմանը մասնակցող ֆինանսական հաստատությունների ցանկի ընդլայնման հարցեր։

Անդրադառնալով նիստում քննարկված օրակարգային հարցերին՝ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին մանրամասնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը:

«Միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտեգրացիոն օրակարգի առանցքային առաջնահերթ խնդիրների թվում նշել է ԵԱՏՄ շրջանակներում իրավահավասար համագործակցության ավելացման, բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու և մարդկային ներուժը լիարժեք իրացնելու անհրաժեշտությունը,  էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման արագացման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման, պարենային անվտանգության ապահովման, բարձրորակ և անվտանգ արտադրանքի հանրային հասանելիության, տարանցիկ ներուժի զարգացման և տարածաշրջանային և համաշխարհային տենդենցներին արդյունավետ ինտեգրման ապահովման անհրաժեշտությունը»,- նշել է նախարարը:

Բարսեղյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության առաջին վերազգային գործիքն ուղղված է արտադրության նոր մոդելների ստեղծմանը, անդամ երկրների տեխնոլոգիական զարգացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և փոխադարձ ներդրումների ավելացմանը։

«Որպես աջակցության միջոց սահմանվել է Միության բյուջեից ֆինանսական կազմակերպությունների կողմից համատեղ ծրագրերի իրականացման նպատակով տրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը։

Մեր երկրների ղեկավարները նման նախագծերի համար հաստատել են աննախադեպ պայմաններ, այն է՝ անդամ պետության Կենտրոնական (Ազգային) բանկի հիմնական դրույքաչափի 100%-ի չափով փոխհատուցում։ 

Նախագծերի արտոնյալ վարկավորման համապատասխան նոր համակարգը մշակվել է որպես փորձնական, որը ԵԱՏՄ շրջանակներում կգործի 5 տարի։

Ավելին, բոլոր անդամ երկրների շուկայի խաղացողների, հատկապես տարածաշրջանների միջին և փոքր ձեռնարկությունների համար հավասար հնարավորություններ և ռեսուրսների հասանելիություն ապահովելու նպատակով մեկ ծրագրի համար տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը սահմանվել է 350 միլիոն ռուսական ռուբլու չափով:

2025 թվականին Հանձնաժողովն իր տրամադրության տակ կունենա մոտ 5 միլիարդ ռուբլի՝ Միության երկրներում համագործակցության նախագծերը ֆինանսավորելու համար։

Այս մեխանիզմում մենք մեծ ներուժ ենք տեսնում, որը թույլ կտա մեզ աջակցել բիզնեսին փոխգործակցության նախագծերի զարգացման գործում և նպաստել անդամ երկրների միջև արդյունաբերական և ներդրումային համագործակցության զարգացմանը։

Այս առումով կոչ եմ անում հայաստանյան գործարարներին ակտիվորեն օգտագործել ֆինանսական աջակցության ստեղծված մեխանիզմը Միության շրջանակներում համագործակցության նախագծերի համար»,- ասել է Բարսեղյանն՝ ընդգծելով միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանի խոսքը, որ Հայաստանի Հանրապետության համար զարգացման առանցքային ոլորտներն են ոսկերչությունը և դեղագործական արդյունաբերությունը, ինչպես նաև ագրովերամշակումը, որոնք այլ անդամ պետությունների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում զարգացման զգալի հեռանկարներ ունեն:

Հայերեն Русский

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ