Արտաքին քաղաքականություն

Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդգծվել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի խթանման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով հանդիպմանն ընդգծվել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի խթանման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Դելիում դեկտեմբերի 12-ին տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ խորհրդակցությունները հնդկական կողմից վարել է Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը, իսկ Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:

«Հիմնվելով 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունն՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը: 

Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում