ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
«Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ:Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։ Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կկնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրեր և կկազմակերպեն գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է կազմակերպությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։