ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջոցով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերը առաջ մղելու գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Շուրջ 10 տարվա ընթացքում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը մեկտեղել է քաղաքական առաջնորդների, ոլորտի խոշորագույն գիտնականների, քաղաքացիական հասարակության, զոհերի և վերապրածների շահերի պաշտպանների ձայները, տեսլականը, զգուշացումներն, ահազանգն ու կոչը, «այլևս երբեք-ի»-ի խոստումն անշրջելի իրողություն դարձնելու համար: Վստահաբար կարող եմ ասել, որ միջազգային քաղաքականության և պատմության ամենակնճռոտ, հրատապ ու ցավոտ խնդրի շուրջ քննարկումներն ու լուծումներ գտնելու այս նախաձեռնությունը կարող ենք կայացած ու հաջողված ձևաչափ համարել»,- ասաց ՀՀ նախագահը:
Խաչատուրյանը հավելեց, որ ցավալիորեն մարդկության դեմ հանցագործությունները ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ առավել քան այժմեական են։ Ըստ նրա՝ գլոբալ անվտանգության ներկայիս խորացող ճգնաժամի պայմաններում 5-րդ գլոբալ ֆորումի բովանդակային ուղղվածությունն ավելի քան արդիական է և պահանջված:
ՀՀ նախագահը կարևորեց, որ գալիք երկու օրերի ընթացքում քննարկվելու են ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործիքակազմը՝ հասկանալու դրա բացերը, և ինչու ոչ՝ նաև ուժեղ կողմերը, սևեռելու ուշադրությունն այն մեխանիզմների վրա, որոնք պետք է շարունակաբար հզորացնել: Խաչատուրյանի համոզմամբ՝ ցեղասպանությունների կանխարգելումը, քաղաքացիական խաղաղ բնակչության պաշտպանությունը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու անպատժելիության դեմ պայքարն ու բացառումն առաջին հերթին պետությունների պատասխանատվությունն են:
«Այսօր մեր պետության սկզբունքային դիրքորոշումը խաղաղության կառուցումն ու պահպանումն է՝ հիմնված իրավունքահեն լուծումների և արդարության միջազգային կայուն համակարգի վրա: Համակարգի, որն ի վիճակի է տեսնել, արձանագրել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը, ոճրագործությունների առաջնային նշաններն ու համաչափ արձագանք տալ դրանց: Մենք վստահ ենք, որ վաղ կանխարգելումը միջազգային անվտանգության գործուն համակարգ ունենալու հիմնասյուներից մեկը պիտի լինի: Ես համոզված եմ, որ երկօրյա ֆորումի ընթացքում մեր հյուրերն ու հայաստանյան մասնակիցները կկարողանան գործուն լուծումներ առաջարկել մարդու իրավունքների մեխանիզմների ամրապնդման, բազմակողմ մարմինների գործունեության, միջազգային դատական ատյանների կարևոր դերի, դրանց վճիռների իրականացմանն ուղղված քայլերի, քաղաքացիական հասարակության ու գիտական համայնքի ձայներն ավելի լսելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ նախագահը: