Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը. Վահան Կոստանյան

5 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը. Վահան Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պանելային քննարկման է մասնակցել «Մանամայի երկխոսության» շրջանակներում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Վահան Կոստանյանի ելույթը․ 

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նախևառաջ շնորհակալություն հայտնել Բահրեյնի Թագավորությանը՝ բոլոր պատվիրակներին ցուցաբերած հյուրընկալության համար և շնորհավորել Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին (IISS)՝ այս կարևոր միջոցառման քսաներորդ տարելիցի կապակցությամբ:

Թեև այս հարթակում քննարկումները հիմնականում կենտրոնացած են այս տարածաշրջանի հետ կապված խնդիրների վրա, այն կարևոր է նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկրների համար: Երբ մենք սկսում էինք նախապատրաստվել այս տարվա «Մանամայի երկխոսությանը» և քննարկում էինք այս տարվա երկխոսության թեմաները, այս պանելի անվանումը կենտրոնանում էր հակամարտությունների քաղաքական արձագանքների վրա։ Միջոցառման օրվան ընդառաջ անվանումը փոխվեց հետևյալ կերպ՝ «Հակամարտություններին քաղաքական և ռազմական արձագանքները», ինչն ուղղակիորեն ցույց է տալիս, որ նախկինում գոյություն ունեցած` կանոնների վրա հիմնված, կարգը այլևս չի գործում և աշխարհը ձախողում է հակամարտություններին միայն քաղաքական լուծումներ տալու գործում։

Սակայն որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, որն ընդամենը վերջերս է բախվել զինված հակամարտության, այն ուղերձը, որը ես ցանկանում եմ փոխանցել  հետևյալն է. ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ: Սա այն համոզմունքն է, որն ունի Հայաստանի կառավարությունը և փորձում է իրականացնել մեր տարածաշրջանում: Դա հեշտ չէ և պահանջում է քաղաքական խիզախություն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց ներքո մենք ապրում ենք՝ շատ կարևոր է հավատարիմ մնալ քաղաքական լուծումներին:

Թույլ տվեք այս քննարկմանն ավելացնել նաև մեկ այլ շերտ՝ տնտեսական հարթությունը: Մենք համոզված ենք, որ սա այն հիմնական բանալիներից մեկն է, որի միջոցով կարելի է հասնել խաղաղության ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Գիտեք, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի իր հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց հետ սահմանները փակ են: Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է հյուսիսը և հարավը, արևելքը և արևմուտքը կապելուն։ Ես կարծում եմ, որ սա հատկապես հետաքրքիր թեմա է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) երկրների համար, քանի որ Հայաստանը նպատակ ունի կապել Սև ծովը ՊԾՀԽ-ի և Ծոցի երկրների հետ և ձևավորել ավելի լայն տարածաշրջանային կապեր, ինչը մեզ համար նույնպես նշանակում է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանային փոխկապակցվածություն, ինչպես նաև խաղաղություն և կայունություն:

Արժեքները շատ կարևոր դեր ունեն նոր՝ կանոնների վրա հիմնված, կարգ հաստատելու գործում: Բերեմ Հայաստանի օրինակը. այս տարի՝ մի քանի ամիս առաջ, Հայաստանը, հանդիսանալով «երկու պետություն» սկզբունքի կողմնակից, ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Դա մի որոշում էր, որը հիմնված էր արժեքների վրա։ Որպես երկիր, որը բախվել է հայրենակիցների սովի մատնվելու, բռնի տեղահանման երևույթներին, մենք չենք կարող անտարբեր մնալ նրա նկատմամբ, ինչը կատարվում է Պաղեստինի հետ: Ցավոք, դիվանագիտական առումով շատ բան չենք կարող անել, բայց մեր կողմից հնարավոր քայլերից մեկն անկախության ճանաչումն էր, որը մենք արել ենք: Միաժամանակ, մենք շատ մտահոգված էինք Լիբանանում տիրող իրավիճակի առնչությամբ: Տարիների ընթացքում Հայաստանը տեղում ՄԱԿ ներկայության` UNIFIL-ի մաս է կազմել, և մեր ներկայությունը տեղում շարունակվում է:

Այսօր Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 2010-ական թվականներից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր, Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքին էր պատկանում, որը շարունակում էր դիվանագիտական ներկայություն ունենալ Սիրիայում, մասնավորապես Հալեպում:

Ամփոփելով, հարգելի’ գործընկերներ` կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը և պետք է փորձենք մտածել և գտնել կայուն լուծումներ»,- ասել է Կոստանյանը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում