Մերձավոր Արևելք

Թրամփը ցանկանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնել մինչև իր երդմնակալությունը

2 րոպեի ընթերցում

Թրամփը ցանկանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնել մինչև իր երդմնակալությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև համաձայնության հասնել մինչև իր կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին Sky News-ին տված հարցազրույցում։

«Մենք կապի մեջ ենք ապագա վարչակազմի և նախագահ Թրամփի խորհրդականների հետ։ Մենք փորձում ենք նրանց հետ համակարգել մեր ջանքերը։ Մենք բոլորս համակարծիք ենք և հույս ունենք հաղթահարել այս իրավիճակը նախքան նախագահի կողմից պաշտոնը ստանձնելը, քանի որ առաջնահերթություններ ունենք՝ կայունացնելու իրավիճակը Գազայում, մենք առաջնահերթություններ ունենք՝ վերականգնելու տարածաշրջանային անվտանգությունը», - ասել է նա։

Կատարի վարչապետը հաստատել է, որ տեղի ունեցած շփումներում Թրամփի թիմն ասել է, որ ցանկանում է այս հարցը լուծել մինչև երդմնակալությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։

«Մենք սա լսել ենք նրա թիմից, նրանց հետ իմ ունեցած զրույցներում նրանք ասել են, որ ցանկանում են, որ դա (խմբ.՝ Համասի հետ գործարքի հարցը) որոշվի հիմա, նույնիսկ այսօր», - ասել է նա։

Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի խոսքով՝ Գազայի հատվածում մարտերի դադարեցումը պահանջում է «առավելագույն ճնշում» բոլոր կողմերի վրա։ 

Խոսելով այն մասին, թե ինչ է նշանակում Թրամփի ընտրվելը Մերձավոր Արևելքի համար՝ Ալ Թանին ասել է, որ կան «շատ ռիսկեր», բայց նաև «շատ հնարավորություններ»։

«Հուսով եմ, որ բոլորը տեսնում են այս հնարավորությունները», - հավելել է նա:

Գազայում հրադադարի շուրջ բանակցություններն առայժմ ձախողվել են։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 44 500-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում