Քաղաքականություն

ՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գենադին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի` հիմնված ընդհանուր շահերի վրա:

Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների սերտացումը եղել է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ալժիրի միջև քաղաքական երկխոսության, տարբեր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում