Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է կատարված աշխատանքները։ Դրանք են՝

  • վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը,
  • արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով:,
  • պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից վերականգնվել են,
  • պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով,
  • պատերի վրա տեղադրվել է բազալտե անկանոն թերթաքարերով պաշտպանիչ ծածկաշերտ՝ ապահովելով ջրերի ուղղորդված հեռացումը և այլն։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հաղպատի վանական համալիրի որոշ կառույցների, դրանց ծածկասալերի խիստ քայքայված վիճակը՝ նախարարությունը 2025 թ․ համար առաջիկայում կհայտարարի վանական համալիրի կառույցների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն «Գ» դասի արտոնագիր ունեցող ճարտարապետները։ 

Կից լուսանկարներում կարելի է տեսնել պարսպապատի և աշտարակների վիճակը՝ վերականգնումից առաջ և հետո։

 

Հայերեն