Տնտեսություն

Մասնագիտական գործունեության որոշ տեսակներ կհանվեն շրջհարկի համակարգից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

Մասնագիտական գործունեության որոշ տեսակներ կհանվեն շրջհարկի համակարգից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մասնագիտական գործունեության մի շարք տեսակներ հարկման հատուկ համակարգերից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց՝ ստանալով 64 կողմ, 29 դեմ ձայն:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր մեկ տասնյակ մասնագիտական ծառայություններ տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ՝ այսինքն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքը հետևյալ գործունեության տեսակների մասին էր՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն:

Սակայն ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոստացավ, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ կանեն և միայն երեքը շրջանառության հարկի համակարգից կտեղափոխեն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքը իրավաբանական գործունեության, հաշվապահական հաշվառման գործունեության և ֆինանսական խորհրդատվության խմբում գտնվող ծառայությունների մասին է: Այսինքն՝ նախատեսված 13 հազար հարկ վճարողի փոխարեն 3-4 հազար հարկ վճարողի հարկման համակարգ փոփոխության կենթարկվի: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում