«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԵՊՀ ուսանողները հյուրընկալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: Ուսանողներին ընդունել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը:
Արշավի շրջանակում 2024 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ուսանողների հետ քննարկման ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը խոսել է կոռուպցիայի պատճառների, հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մասին, անդրադարձել երևույթի վտանգավորությանը, կոռուպցիայի վերաբերյալ հանրային ընկալումներին ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման կարևորությանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը ամենօրյա խնդիր է, և կարևոր է, որպեսզի այդ երևույթի դեմ պայքարող մարդու մեջ արմատացած լինի պետականության զգացումը: Այս ամենի հիմքում, նախևառաջ, մեծ նվիրումն է և հավատը կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ»,- նշել է Մուշեղ Բաբայանը:
Ըստ աղբյուրի՝ պատասխանելով ուսանողների հարցերին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում խիստ կարևոր է նաև հանրային աջակցությունը, իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը, որն էլ մեծապես կախված է վերջիններիս աշխատանքի արդյունավետությունից: