ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել մասնագիտական գործունեության մի շարք տեսակներ հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու վերաբերյալ օրենքի նախագծում. նախատեսված մեկ տասնյակ գործունեության տեսակներից միայն 3-ը կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր մեկ տասնյակ մասնագիտական ծառայություններ տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ՝ այսինքն ավելացված արժեքի հարկի համակարգ: Բայց նախագծի հանրայնացմանը հետևել են մի շարք քննարկումներ տարբեր շրջանակների հետ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հանգուցալուծվել են առաջին փուլի քննարկումները:
«Ըստ այդմ, կա նախնական տրամադրվածություն այն մասին, որ նշածս մեկ տասնյակ մասնագիտական ծառայություններից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվեն ընդգծված մասնագիտական բնույթ կրող ծառայությունները, ըստ էության այն ծառայությունները, որոնց նմանատիպ ծառայություններն արդեն իսկ գտնվում են հարկման ընդհանուր համակարգում: Խոսքն իրավաբանական գործունեության, հաշվապահական հաշվառման գործունեության և ֆինանսական խորհրդատվության խմբում գտնվող ծառայությունների մասին է»,-ասաց Պողոսյանը:
Իսկ մնացած ծառայությունները, որոնք նախագծով ներկայացված էին, նախատեսվում է այլ լուծման տրամաբանությամբ փոփոխության ենթարկել: «Առաջարկվում է նախատեսել, որ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, այսինքն՝ շահութահարկ վճարող տնտեսավարող սուբյեկտները, երբ աշխատանքներ ու ծառայություններ ձեռք կբերեն այս մասնագիտական շրջանակներից, իրավունք չեն ունենա շահութահարկով հարկման բազան նվազեցնել այս ծառայությունների գծով կատարվող ծախսերի մասով»,-ասաց Պողոսյանը:
Եթե միայն 3-ը տեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, ապա նախատեսված 13 հազար հարկ վճարողի փոխարեն 3-4 հազար հարկ վճարողի հարկման համակարգ փոփոխության կենթարկվի:
Խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացվել է սակայն նախագծի նախնական տարբերակը՝ պայմանավորվածությամբ, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ ընդունման ժամանակահատվածում այդ տրամաբանությամբ փոփոխություններ կկատարվեն:
Նախագծի նախնական տարբերակում խոսքը հետևյալ գործունեության տեսակների մասին էր՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն :