Երևան

Երևանի փոխքաղաքապետը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ կապված հանրային տրանսպորտի վարորդների գործողությունների հետ

2 րոպեի ընթերցում

Երևանի փոխքաղաքապետը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ կապված հանրային տրանսպորտի վարորդների գործողությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապված Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլի հետ՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Գրիգորյանը հայտարարեց դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ 

«Ես հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի՝ պարզելու, թե արդյոք Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլի դեպքում գործ ունե՞նք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն օբյեկտիվորեն առաջացնում է որոշակի ծանր հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ նրանց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև՝ քրեական օրենսդրության»,-մանրամասնեց Գրիգորյանը: 

Նա չբացառեց, որ առավոտյան հասարակական տրանսպորտի վարորդների երթուղի դուրս չգալը կարող է նաև քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր պարունակել:

Փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ պարզման ենթակա է, թե առավոտյան մարդկանց աշխատանքի, ուսումնական պրոցեսի և այլ նպատակներով տեղ հասնելու հնարավորությունից զրկելն ի՞նչ հետևանքների է հանգեցրել:

«Մենք չենք կարող  իմանալ, թե ով ուր և ինչ նպատակով պետք է հասներ և ինչպիսի հետևանքներ է առաջացրել այդ չհասնելը: Ես չեմ բացառում, որ այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր: Աշխատանքային խնդիրները բարձրացնելու ընթացակարգեր կան, և դա երբեք հանրության հաշվին չի կարելի անել»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունն իրականացնելու է բոլոր գործողություններն ու կիրառելու է ողջ գործիքակազմը իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծելու և հետագայում նման իրավիճակների ստեղծումը կանխելու համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում