Երևանի փոխքաղաքապետը շանտաժ որակեց հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը շանտաժ է որակել հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիան, որը, նրա դիտարկմամբ, պայմանավորված է ուղևորավարձերի ստվերային շրջանառության կրճատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Գրիգորյանը դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում, անդրադառնալով հանրային տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլին, դա շանտաժ որակեց քաղաքային իշխանության դեմ, որն անզիջում է ուղևորավարձերի ստվերային շրջանառության դեմ պայքարում:
«Նոյեմբերի 1-ի որոշման ընդունումից հետո ուղևորափոխադրումներից գոյացող գումարները կտրուկ աճ են գրանցել: Դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ ուղևորներն են շատացել, այլ ուղղակի այն գումարը, որը նախկինում գնացել է տարբեր գրպաններ, այդ թվում՝ որոշ վարորդների, հիմա մտնում է քաղաքային բյուջե:
Չեմ ուզում ասել բոլոր վարորդների, որպեսզի բարեխիղճ վարորդները, որոնք կան, ինձանից չնեղանան: Ցավոք սրտի, ունենք վարորդներ, որոնք այդ ստվերային շրջանառության մաս են կազմել: Ըստ էության, այսօրվա գործողության պատճառը տարբեր փաստարկների տակ կարելի է փորձ անել քողարկել, բայց դա նշածիս հետևանքով է: Ես հասկանում եմ, որ այդ գործողություններն անդրադառնում են անմիջապես մեր քաղաքացիների տեղաշարժի հնարավորության վրա, և ներողություն ենք խնդրում մեր հանրության ներկայացուցիչներից, որոնք այսօր կանգառում են մնացել,և տրանսպորտն իրենց չի մոտեցել»,-ասաց Գրիգորյանը:
Նրա համոզմամբ՝ երբ խոսքը գնում է օրական մոտ 5 միլիոն դրամ կորսված եկամտի մասին, բնականաբար, դա իր հետ բերում է շատ հետաքրքրություններ ու շահագրգռվածություն, ուստի որոշ մարդիկ չեն ցանկանում այդ գումարից հրաժարվել: Փոխքաղաքապետը, հղում անելով աշխատանքային օրենսգրքին, նշեց, որ հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցները, եթե նույնիսկ ցանկանում են գործադուլ իրականացնել, ապա նախ դրա մասին 14 օր շուտ պետք է ծանուցեն, մինչդեռ նոյեմբերի 3-ի գործողությունների վերաբերյալ որևէ նախնական ծանուցում չի եղել:
«Անգամ, եթե 14 օր շուտ մեր վարորդները մեզ ծանուցեին, որ գործադուլ պետք է անեն, ապա աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է, որ նրանք պետք է ապահովեն նվազագույն պահանջներ, որպեսզի հանրության վրա այդ գործադուլը չանդրադառնա։ Ուստի, այսօրվա գործողությունը ոչ մի կերպ գործադուլ անվանել հնարավոր չէ, սա շանտաժ է, և, ըստ էության, այս գործողությամբ փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք ասենք՝ եկեք ինչ-որ կոմպրոմիսի գանք»,-ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ հանրային տրանսպորտի ուղևորավարձերի ստվերի հարցում քաղաքային իշխանության դիրքորոշումն անզիջում է: