Հայաստան

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

4 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մինչ օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստն անցնում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նախօրեին: Վարչապետի խոսքով՝ դա կարևոր առիթ է՝ վերադառնալու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի օրակարգին, չնայած՝ Կառավարության համար այն կարևոր առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը նշել է, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ցանկալի առաջընթաց արձանագրել: «Պատճառներից մեկն այն է, որ ենթակառուցվածքները, որոնք ձևավորված են Հայաստանում տասնյակ տարիներ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման տրամաբանությամբ չեն նախագծվել: Եվ եթե ուղիղ ասենք, որևէ բան անելու համար անխուսափելիորեն ժամանակ է պետք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը խոսել է երկրի տնտեսական զարգացման գործում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի լիարժեք ներգրավման կարևորության մասին, որը նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման հարցում հենց իրենց ներգրավվածության խնդիրն է լուծում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է հասցեագրել կրթության ոլորտից, քանի որ ներառական կրթության խորքային և ռազմավարական  նպատակներից մեկը նաև սա է: 

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ազգային հանձնաժողովն այն հարթակն է, որը պետք է ապահովի հարցերի ձևակերպումների ամբողջականությունը, ինչպես նաև ընդգծել, որ հետևողականությունն ու շարունակականությունն են ամենահուսալի ու արդյունավետ գործիքները խնդիրների լուծման համար:

Նշվում է, որ օրակարգի շրջանակում ներկայացվել են 2023-2024 թվականների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ձեռքբերումները, մարտահրավերները և ոլորտային նախաձեռնությունները սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտներում:

Վերոնշյալ ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև  հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները վերոնշյալ թեմաների շուրջ:

Կարևորելով փոքր խնդիրներ լուծելով առաջ շարժվելու, ինչպես նաև իրագործելի պլան ունենալու անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել ոլորտում առկա խնդիրների գույքագրմամբ և առաջնահերթություն տալ կարճաժամկետ հատվածում իրատեսական լուծման ենթակա խնդիրներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում