ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմի պատասխանատուների և մեղավորների հարցին՝ ընդգծելով, որ մեկ պատասխանատու և մեղավոր մատնանշելը սխալ մոտեցում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը հայտարարեց, որ, չնայած պատերազմի պատասխանատվության զգալի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերագրում, կա ավելի լայն համատեքստ, որը պետք է հաշվի առնել։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել։ Ես դա հասկացել եմ երկար ուսումնասիրություններից հետո»,- ասաց Նազարյանը՝ նշելով, որ այդ մասին ինչ-որ պահի հանդես կգա հայտարարությամբ։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմա չի ներկայացնում իր գնահատականները պատերազմի վերաբերյալ, Նազարյանն ընդգծեց, որ այսօր այդ քայլն անիմաստ է։
«Բայց ես այդ մասին խոսելու եմ այն պահին, երբ զգամ, որ իմ խոսելն այս երկրին մի գրամ օգուտ կտա»,- հավելեց Նազարյանը։
Նա նաև նկատեց, որ իր հայտարարությունը հեշտությամբ կարող է կեղծ մեկնաբանությունների և մանիպուլյացիաների ենթարկվել։
«Ես ո՛չ լրատվամիջոցներ ունեմ, ո՛չ յութուբյան կեղծ ալիքներ, որ դնեմ այդ կեղծիքների ու մանիպուլյացիաների դեմ պայքարեմ։ Ես դա ասելու եմ մի անգամ և այն պահին, երբ զգամ, որ դա մեր ազգի ու պետության համար ճիշտ է»,- ավելացրեց պատգամավորը։
Գեղամ Նազարյանը շեշտեց, որ Հայաստանի պատմությունն ու մշակութային մոտեցումները հաճախ հանգեցրել են սխալ ընկալումների։ «Մեզ բերել հասցրել են նրան, որ մի հոգի կարող է որոշել ազգի ճակատագիրը, բա մնացածը ի՞նչ էին անում»,- եզրափակեց նա։
Գեղամ Նազարյանն ավելի վաղ հայտարարել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Ընդդիմադիր խմբակցության ներսում դժգոհություն էր առաջացրել Գեղամ Նազարյանի այն հայտարարությունը, թե ընդդիմության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարց չկա։ Խմբակցությունում քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել, որ Գեղամ Նազարյանը կլքի խմբակցությունը։