Քաղաքականություն

ՀՀ նախագահը Ղազախստանի Մաժլիսի Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Ղազախստանի Մաժլիսի Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում:

Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում են Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաշերտ փոխգործակցության ընդլայնման համար:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման նպատակին:

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս ուղղություններով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը՝ ինչը կերաշխավորի ոչ միայն երկրների գործակցության հետագա զարգացումը, այլև հավելյալ կխթանի տարածաշրջանային կայունությունն ու բարգավաճումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում