Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Պորտուգալիայում մասնակցել է CB4WBL նախագծի աշխատաժողովին. քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Պորտուգալիայում մասնակցել է CB4WBL նախագծի աշխատաժողովին. քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 26-28-ը Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մասնակցել է Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի աշխատաժողովին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ աշխատաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է Պորտուգալիայի գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ փորձին և քննարկել Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ֆերմայի ստեղծման մանկավարժական, կրթական և իրավական հարցերը։ 

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ ստեղծել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։ 

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մշակել և փորձարկել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի գործունեության իրավական, կազմակերպչական և վարչաֆինանսական պայմանները։ Ֆերմայի շրջանակում ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենջմենթ» մասնագիտությունների պետական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը։ 

CB4WBL նախագծի կոնսորցիումը ներառում է 6 հաստատություն՝ Հայաստանից, Պորտուգալիայից և Ֆրանսիայից: Նախագծի համակարգողը պորտուգալական «Իմանովասիոն» խորհրդատվական կազմակերպությունն է: Կոնսորցիումում ընդգրկված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, Բուրղժ Անբրեսի գյուղատնտեսական լիցեյը (Ֆրանսիա), Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը և Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոնը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում