Հայաստան

Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

6 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: 

Նախագիծը  պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:  

«Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ–ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար»,–ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:  

Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ, ապա նախագծով այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ: 

Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, կգործարկի իր ունեցած գործիքակազմը՝ ՀՀ օրհներգի նոր տարբերակի ստեղծումն ու տարածումն ապահովելու համար: 

«Հիմնի դինամիկա  ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ, արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով տեքստի հաջորդականությունը: Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ»,–ասաց փոխնախարարը: 

Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ 
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը ևս մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասում: Ըստ նրա՝ շատ կարևոր նախագիծ է: «Եթե մենք որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել, կարող են տևել 1 ամիս, 2 ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում՝ 1 տարի: Բայց պայմանական ասած՝ խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպքում դրանք, միևնույն է, արտահայտվում են»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետն ասաց, որ իր վարչապետության ընթացքում մինչև մի X պահ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինքը չի լսել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարում, չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ: «Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին: Յութուբում 1000 հատ օրհներգ կա, գրում ես՝ ՀՀ օրհներգ և այն հնչում է: Եվ իմ անձնական փորձն այն է եղել, որ երբեք որևէ մեկն իրեն հարց չի տվել՝ ինչ օրհներգ է հնչելու, ոնց է հնչելու և այլն: Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով մենք պետք է լուծենք»,–ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ արդեն բավականին երկար ժամանակ տվել է հանձնարարական, որ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և, հասկանալիորեն, որոշակի որակական ստանդարտին համապատասխան:

Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ նա ընդգծեց, որ նախագծով տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի առաջարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն: Վարչապետի խոսքով՝ պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավականին երկար ժամանակ հենց այդ տարբերակն է հնչում:

«Օրհներգը բոլոր դեպքերում պետք է ունենա ստանդարտ: Այն պետական կարևորագույն խորհրդանիշ է, պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Եվ ստանդարտը նաև նշանակում է համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Կարծում եմ՝ շատ կարևոր մոտեցում է, որը պետականության ընկալման մեր զարգացման տրամաբանության մեջ է»,–ասաց նա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում