Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում կարճվել են Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կարճվել են Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը դատարանին խնդրել է կարճել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գործերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սմիթը հայտարարություն է տարածել նոյեմբերի 25-ին։

Սմիթը բացատրել է, որ նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Դոնալդ Թրամփը 2025 թ. հունվարի 20-ին կստանձնի պաշտոնը, իսկ ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է դաշնային մեղադրանք և հետագա քրեական հետապնդում իրականացնել պաշտոնավարող նախագահի նկատմամբ։ 

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տուն վերադառնալուն պես աշխատանքից կազատի Ջեք Սմիթին։

Ընդհանուր առմամբ, Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործով։ Նոյեմբերի 25-ին երկու դաշնային գործեր փակվել են. դրանք վերաբերում էին Թրամփի կողմից 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձերին և գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանմանը։

Դոնալդ Թրամփի դեմ նահանգային մակարդակով ևս երկու գործ է հարուցվել՝ Նյու Յորքի և Ջորջիայի նահանգներում։ Առաջինում նախկին նախագահը մեղադրվում է գործարար փաստաթղթերը կեղծելու մեջ։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել, որից հետո նա բողոքարկել է որոշումը, իսկ դատավորը հետաձգել է գործի քննությունը։

Երկրորդ դեպքում Թրամփը մեղադրվում է  2020 թվականին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ։

Բացի այդ, Դոնալդ Թրամփի դեմ երկու քաղաքացիական գործ է հարուցվել։ Դրանք վերաբերում են 1990-ականների վերջին նախկին լրագրող Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգություններին, այնուհետև նրան զրպարտելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում