Քաղաքականություն

Լեհաստանի նախագահը Հայաստանում է

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի Հանրապետության նախագահը ժամանեց Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։  

Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։

Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների նախագահները հանդիպում կունենան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ», - նշված է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում։

Հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում