Պարույր Հովհաննիսյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ գործընթացներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև 2023թ. մարտին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ նույն օրը Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հինգ համայնքների` Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Տեղի, Տաթևի և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հինգ քաղաքների՝ Բրոնի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի, Մորնանի, Պյուի ան Վըլեի միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Հաշվի առնելով Գորիս-Վիենն, Կապան-Սենտ Էթիեն քաղաքների ընթացիկ համագործակցությունը՝ քույրացման այս համաձայնագրերով Օվերն-Ռոն-Ալպ շրջանն այսուհետ համագործակցություն կիրականացնի Սյունիքի մարզի բոլոր յոթ համայնքների հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում