ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է վաճառել կիթառներ իր նախընտրական արշավի կարգախոսով և սպիտակագլուխ ծովարծվի պատկերով, որը համարվում է Միացյալ Նահանգների ազգային թռչունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Շուտով վաճառքում: «45» կիթառների սահմանափակ շարք: Ակուստիկ և էլեկտրական կիթառների ընդամենը 1300 օրինակ։ Դրանցից մի քանիսն ստորագրված են անձամբ իմ կողմից», - գրել է Թրամփը։
Trump Guitars կայքում ներկայացված է կիթառների չորս տարբերակ «Ամերիկյան արծվի շարքը»՝ ակուստիկ և էլեկտրական տարբերակներով՝ համապատասխանաբար 1250 և 1500 դոլար։ Դրանց վրա առկա է նաև «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» գրությունը։ «Նախագահական շարքի» կիթառները կվաճառվեն 2000 դոլարով, իսկ «Աստված օրհնի Ամերիկան» շարքի ակուստիկ կիթառները՝ 1000 դոլարով։ Բացի այդ, Թրամփը ստորագրել է «Ամերիկյան արծիվ» շարքի 275 կիթառ, որոնցից յուրաքանչյուրը կվաճառվի 10 000 (ակուստիկ տարբերակը) և 10 500 (էլեկտրական կիթառը) դոլարով։
Կայքում նշվում է, որ նախապես պատվիրված գործիքի առաքումը կարող է տևել մինչև 5-6 ամիս, բայց բացառված չէ, որ կիթառը հասնի հենց Սուրբ Ծննդի ժամանակ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը վաճառել է ձեռքի ժամացույցներ՝ իր դիմանկարով, արծաթե մետաղադրամներ, NFT առևտրային քարտեր։ Հուլիսի 13-ին Թրամփի դեմ մահափորձից հետո նրա նախընտրական շտաբն սկսել էր վաճառել մարզակոշիկներ՝ արյունոտ այտով նրա պատկերով: Ավագ շաբաթվա ընթացքում Թրամփը 60 դոլարով վաճառել է Աստվածաշնչեր և, ըստ NBC News հեռուստաալիքի տեղեկատվության, դրանով վաստակել է մոտ 300 000 դոլար: