Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց մեղվաբուծության և անասնաբուծության խթանման ծրագրի ֆինանսավորման նախագիծը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց մեղվաբուծության և անասնաբուծության խթանման ծրագրի ֆինանսավորման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ ընդունվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի վերաբաշխման և ֆինանսավորման նախագծի վերաբերյալ որոշումը, որը միտված է մեղվաբուծության և անասնաբուծության զարգացման ծրագրերի խթանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի համաձայն՝ 12 մլն դրամ կհատկացվի «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» իրականացման համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել բնակիչներին՝ ձեռք բերելու 300 մեղվաընտանիք՝ ծախսերի 50 տոկոսի փոխհատուցման պայմանով։ Ծրագիրը նպատակ ունի խթանել մեղվաբուծության զարգացումը, բարձրացնել ճյուղի արտադրողականությունը, ինչպես նաև նպաստել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների արդյունավետ օգտագործմանը։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ նաև «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրում»՝ պետական աջակցություն տրամադրելով ոչ միայն ներմուծված, այլ նաև տեղական շուկայից ձեռք բերված մանր եղջերավոր կենդանիների արժեքի 50 տոկոսի փոխհատուցման համար։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա խթանել տեղական արտադրությունը և բարելավել կենդանիների տեղական վերարտադրությունը։

Ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը կտրամադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված ծրագրերից։ Ֆինանսավորումն իրականացվելու է «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի շրջանակում նվազեցվող միջոցներից, ինչը չի առաջացնի պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության և ստացվող մեղրատեսակների արտադրության ծավալների ավելացում, վայրի բույսերի կենսաբազմազանության պահպանում, սահմանամերձ շրջաններում տնտեսական գործունեության խթանում, տեղական անասնաբուծական շուկայի զարգացման ապահովում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում