Հայաստան

Հակոբ Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթը նախատեսում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում

2 րոպեի ընթերցում

Հակոբ Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթը նախատեսում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի է ունեցել ԽՍՀՄ ակադեմիկոս, պատմաբան, լեզվագետ, ԵՊՀ-ի հիմնադիր Հակոբ Մանանդյանի ծննդյան 151-ամյակին նվիրված միջոցառում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Հակոբ Մանանդյանի ժառանգ Էլեոնորա Մանանդյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ։

Էլեոնորա Մանանդյանն ընդգծել է, որ ներկայումս պատմաբանի դերն ավելի է կարևորվում, որպեսզի տեր կանգնեն պատմական արդարադատությանը։

«Հակոբ Մանանդյանի մասին խոսելիս կարևոր է շեշտել, որ նա և իր ժամանակակից մյուս մեծերը Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում անմնացորդ նվիրվել էին հայրենիքին և դրա շնորհիվ կարողացան փլատակներից վեր հանել երկիրն ու ստեղծել համալսարան։ Մենք պետք է գիտակցենք, որ պատմությունը հիմա ենք կերտում՝ մեր իսկ ընտրությամբ․ կամ ընտրում ենք դավաճանությունն ու դրանով գնում ոչնչացման, կամ ընտրում ենք նվիրումն ու կերտում ապագա»,- ասել է նա։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ու պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանն իրենց ելույթներում ընդգծել են Հակոբ Մանանդյանի անգնահատելի վաստակը հայ պատմագիտության և համալսարանի կայացման գործում։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև նախորդ տարի Մանանդյանի հիշատակին նվիրված մրցույթի ամփոփումը, որի շրջանակներում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Մերի Նազարյանը և լրագրող Գայանե Ենոքյանը պատրաստել էին Մանանդյանի կյանքն ու գործունեությունն ամփոփող հոդված «Հակոբ Մանանդյան հայն ու գիտնականը» խորագրով: Հավաքագրված հարուստ նյութը թարգմանվել է երեք լեզուներով և տեղադրվել վիքիպեդիա ազատ հանրագիտարանում:

Հանդիպման ավարտին նախաձեռնողները ներկայացրել են առաջիկայում մեկնարկող նոր մրցույթը, որով նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում