Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագիրը պարզապես օգտագործում է որպես առիթ․ Տիգրան Աբրահամյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագիրը պարզապես օգտագործում է որպես առիթ․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե Անկախության հռչակագրում կա՞ն ինչ-որ կետեր, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը։ 

Աբրահամյանը պատասխանեց․

«Եթե պայմանականորեն այդ հայտարարության համատեքստը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող դրույթներին, որոնք Ադրբեջանն անընդհատ շրջանառում է և որպես նախապայման է ներկայացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, ապա կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա պարզապես առիթ է։ Եթե Անկախության հռչակագիրը չլիներ կամ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին որևէ նշում էլ չլիներ, Ադրբեջանը կգտներ մեկ այլ հնարավորություն կամ առիթ՝ առաջին պլան բերելու համար»։ 

Նա նշեց, որ Ադրբեջանը զուգահեռ շրջանառության մեջ է մտցրել նաև ապառազմականացման թեման, որն ամենաանթույլատրելի բանն է, որը կարող է տեղի ունենալ այս գործընթացում։

«Անկախության հռչակագրում ապառազմականացման վերաբերյալ որևէ բան չկա, բայց դա չի խանգարում Ադրբեջանին այդ թեման բանակցային գործընթացի նախապայման դարձնել։ Այսպիսով, խնդիրը ոչ թե Անկախության հռչակագիրն է, այլ Ադրբեջանի ռազմավարությունը՝ 44-օրյա պատերազմից հետո ստացած առավելությունը զարգացնելու և օգտագործելու Հայաստանի Հանրապետության դեմ»,- ընդգծեց Աբրահամյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ վերջին տարիներին տասնյակ անգամներով կարդացել է Անկախության հռչակագիրը և եկել է եզրակացության, որ դրա բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։ 

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում որպես խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման պարբերաբար առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը՝ շեշտելով դրանում առկա հղումը Հայաստանի անկախության հռչակագրին։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում