Երևան

Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը ներկայացվել է հանրային քննարկման

2 րոպեի ընթերցում

Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը ներկայացվել է հանրային քննարկման

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երևանի զարգացման 2025 թվականի ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի միասնական կայքում։

Ծրագրի նպատակն է ապահովել քաղաքի սոցիալ-տնտեսական, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների համաչափ զարգացումը՝ ներառելով մի շարք ռազմավարական ուղղություններ։

Ծրագրում շեշտադրվել են քաղաքի զարգացման մի քանի հիմնական ուղղություններ՝ քաղաքային պլանավորում և քաղաքաշինություն, ենթակառուցվածքների և շարժունակության բարելավում, սոցիալական բարեկեցություն, շրջակա միջավայրի պահպանում, կլիմայի գործողությունների ծրագրեր և թվային փոխակերպում։ Այն ներառում է նաև քաղաքային կառավարման, հաղորդակցության և հանրային կապերի զարգացման միջոցառումներ։

Երևանի զարգացման ծրագրի իրագործման նպատակով քաղաքապետարանը նախատեսում է ներդնել մոնիտորինգի, գնահատման և հաշվետվողականության մեխանիզմներ։ Մշտադիտարկումը կիրականացվի ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ապահովելու համար, որ նախաձեռնություններն իրականացվեն նախատեսված պլաններով և ժամանակացույցով։ Կմշակվեն արդյունքային ցուցանիշներ, որոնց հիման վրա պարբերական առաջընթացի հաշվետվություններ կներկայացվեն։

Հաշվետվողականության բարձրացման նպատակով նախատեսվում են հրապարակային հաշվետվություններ քաղաքի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։ Քաղաքային համայնքի անդամները կկարողանան պարբերաբար տեղեկանալ ծրագրերի ընթացքի և ֆինանսական կատարողականի մասին։

Երևանի զարգացման ծրագրի նախագիծը նախապես տրամադրվել է քաղաքապետին կից քաղաքային խորհրդի անդամներին, որոնք նոյեմբերի 14-ին կայացած նիստում կողմ են քվեարկել այն հանրային քննարկման ներկայացնելուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում