Երևանում մեկնարկեց միջազգային երկօրյա համաժողով սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքի թեմայով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկեց «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  բացման խոսքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորեց ու գործնականում մշտապես արդիական համարեց համաժողովի թեման։

«Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը բազմաբնույթ երևույթ է, և այն ամենևին չի սահմանափակվում դրանց զուտ կատարման հիմնախնդրով։ Չնայած դրան՝ պետք է խոստովանել, որ վերջինը գոյություն ունի և բավականին ծանրակշիռ բաղադրիչ է որոշումների հարգման հիմնախնդրի ընդհանուր համատեքստում։Մենք հաճախ ուղղակիորեն բախվում ենք հենց որոշումների չկատարման առաջին հայացքից պարզ խնդրի հետ։ Այնուամենայնիվ, թեմայի վերաբերյալ քննարկումն ամբողջական չէր լինի,և խնդրի նկատմամբ պատկերացումները թերի կլինեին, իսկ լուծումները՝ կիսատ, եթե այն դիտարկվեր միայն որոշումների կատարման ենթատեքստում»,-ասաց Դիլանյանը՝ հավելելով, որ առիթներ են եղել նաև առերեսվելու Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի բացակայության այլ դրսևորումների։

Նա համոզմունք հայտնեց, որ համաժողովի շրջանակներում առիթ կլինի ուսումնասիրելու, քննարկելու գործընկերների լավագույն փորձն ու կիսվելու նաև սեփական փորձով, ինչը հնարավորություն կտա առավել ճկուն և արդյունավետ եղանակներ գտնել ՍԴ որոշումների հարգման ու կյանքի կոչման համար։ 

Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ, Նիդեռլանդների գերագույն դատարանի դատավոր Մարտին Քայերն իր խոսքում ընդգծեց համաժողովում նախատեսվող քննարկումները մարդու իրավունքների ստանդարտների պահպանման գործում Սահմանադրական դատարանների դերակատարության և ՍԴ որոշումները հարգելու անհրաժեշտության  վերաբերյալ։

«Այս կոնֆերանսի ժամանակ կխոսվի նաև ներպետական և միջազգային իրավական կարգերի միջև Սահմանադրական դատարանների կամրջող դերի մասին։ Սահմանադրական արդարադատությունը չափազանց կարևոր դեր է խաղում միջազգային իրավական որոշումները ներպետական համակարգում ներկայացնելու ուղղությամբ»,-համոզմունք հայտնեց Քայերը։ 

Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա Մենգղինիի խոսքով համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է սահմանադրական արդարադատության խորհրդի համատեղ նիստ։ 

«Վենետիկի հանձնաժողովը խթանում է սահմանադրական արդարադատությունը՝ որպես սահմանադրությունը պաշտպանելու միջոց, ինչն արվում է սահմանադրական դատարանների պաշտպանությանն ուղղված գործողություններով։ Մենք աշխատում ենք նաև, որ սահմանադրությունների մեջ երաշխիքներ ներառվեն սահմանադրական դատարանների պաշտպանության վերաբերյալ»,-նշեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը՝ կարևորելով սահմանադրական արդարադատությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պահպանման առումներով։

Ավստրիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ՍԴ նախագահ Քրիստոֆ Գրաբենվարթերը, ներկայացնելով համաժողովի հիմնական ուղերձը, անդրադարձավ ազգային իրավական կանոնակարգում Սահմանադրական դատարանների որոշումների դերին։  

Համաժողովը կազմակերպվել է Վենետիկի  հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի և ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համատեղ։

Զեկույցներով հանդես կգան Վենետիկի հանձնաժողովի անդամներ, ՄԻԵԴ դատավորներ, տարբեր երկրների սահմանադրական և այլ բարձր դատարանների նախագահներ, դատավորներ, գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։ 

Համաժողովի նպատակն է ընդգծել սահմանադրական դատարանների որոշումների կարևորությունը իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության գործում, ազգային ու միջազգային իրավասու մարմինների շրջանակում։ 

 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն