Աշխարհ

Համաշխարհային բանկը 10 տարվա ընթացքում 150 մլրդ դոլար կհատկացնի կլիմայական նախագծերի համար

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը 10 տարվա ընթացքում 150 մլրդ դոլար կհատկացնի կլիմայական նախագծերի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը պլանավորում է 150 միլիարդ դոլար հատկացնել առաջիկա 10 տարվա ընթացքում կլիմայական նախագծերի ֆինանսավորման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է կայուն զարգացման հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Յուրգեն Ֆյոգելը։

«Համաշխարհային բանկը պլանավորում է առաջիկա 10 տարվա ընթացքում կլիմայական նախագծերը ֆինանսավորել 150 միլիարդ դոլար գումարով: Մինչև 2030 թվականը զարգացող երկրներին տարեկան 2,4 տրիլիոն դոլար կպահանջվի ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու և ապագա ռիսկերին նախապատրաստվելու համար», - ասել է Ֆյոգելը Բաքվում ընթացող COP29-ի շրջանակներում «Գլոբալ ֆինանսական համակարգ. կլիմայական ակտիվության ֆինանսավորման ընդլայնում» լիագումար քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2023 թ. Համաշխարհային բանկը 43 միլիարդ դոլար է տրամադրել զարգացող երկրներին։

Դրա հետ մեկտեղ բանկը նոր գործիքակազմ է ներդրել՝ պարտքային պարտավորությունների հատկացման պայմանների թվում նախատեսելով կլիմայի փոփոխության գործոնները։

«Ֆինանսավորումը (հաշվի առնելով կլիմայական ռիսկերը) առաջին հերթին վերաբերում է փոքր կղզի պետություններին, որոնք իսկապես օգնության կարիք ունեն, երբ բախվում են աղետների: Այս պահին մենք համաձայնագրեր ունենք 14 երկրի հետ: Այս երկրները կկարողանան հետաձգել կամ նվազեցնել պարտքի վճարումները, եթե բախվեն աղետի», - նշել է Ֆյոգելը։

COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին։ Այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում