Մշակույթ

Մասնագիտական խորհուրդը քննարկել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

3 րոպեի ընթերցում

Մասնագիտական խորհուրդը քննարկել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները: 

Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:

Մասնագիտական խորհրդի անդամները, քննարկելով ներկայացված առաջարկները, կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ և կենսունակ արժեքներ հասկացությունները ներկայացված առաջարկների անվանումների վերանայումը՝ ըստ պատմական հակիրճ տեղեկանքի, բնութագրականի, արժեքի անհապաղ պաշտպանության և կենսունակության հիմնավորումների: Նիստի ընթացքում նշվել է առաջարկների սոցիալ-մշակութային նկարագրության կարևորությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական: 

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն՝ ուղարկել լրամշակման, ինչպես նաև դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:

Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում