Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են մեկնարկում

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան նոյեմբերի 13-ին եռակողմ զորավարժություններ են մեկնարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ զորավարժությունները կանցկացվեն «Հյուսիսային Կորեայի դեմ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում՝ Ռուսաստանի հետ ԿԺԴՀ-ի հարաբերությունների խորացման ֆոնին»։

«Երեք երկրները խստորեն դատապարտել են Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունները, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, որոնք սպառնում են խաղաղությանն ու կայունությանը Կորեական թերակղզում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում։ Զորավարժություններն արտացոլում են նման սպառնալիքները զսպելու և դրանց արձագանքելու ձգտումը», - ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Եռօրյա զորավարժությունները կանցկացվեն հարավկորեական Չեջուդո կղզուց դեպի հարավ ընկած միջազգային ջրերում։ Դրանց կմասնակցեն երեք երկրների ռազմանավեր և ինքնաթիռներ, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի George Washington ավիակիրը, հարավկորեական ու ճապոնական Seoae Ryu Seong-ryong և Haguro էսկադրային ականակիրները։ Զորավարժությունների մասնակիցները կկատարելագործեն հակաօդային պաշտպանության միջոցները, բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը, հակասուզանավային պաշտպանությունը, կալանումը ծովում և պաշտպանական կիբեռպատրաստությունը։

2023 թ. օգոստոսին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են կանոնավոր կերպով անցկացնել ամենամյա եռակողմ վարժանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում