ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի ծննդյան տարեդարձի միջոցառմանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր` Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ նոյեմբերի 12-ին մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված, լեյտենանտ Գևորգ Արշակյանի ծննդյան 28-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև դատական ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։
«Գևորգ Արշակյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու ԵՊՀ երկու ֆակուլտետ: Չնայած իրեն հասանելի տարկետմանը, որոշել է ծառայել բանակում և ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը ևս գերազանցությամբ ավարտելուց հետո մեկնել է ժամկետային ծառայության` լեյտենանտի զինվորական կոչմամբ:
2020 թվականին ավարտել է զինվորական ծառայությունը և ստացել ավագ լեյտենանտի կոչում: Երկու ամիս անց, լսելով պատերազմի լուրը, Գևորգը ԵՊՀ կամավորական ջոկատ է կազմել և մեկնել առաջնագիծ: Զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի մատույցներում մղվող մարտերի ժամանակ: «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»,- ասում էր Գևորգ Արշակյանը:
Միջոցառումը կազմակերպվել է Գևորգ Արշակյանի անունը կրող թիվ 22 հիմնական դպրոցում` աշակերտների նախաձեռնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին իր երախտիքի խոսքն է հյուրերին ուղղել Գևորգ Արշակյանի մայրը` Նաիրա Հովսեփյանը, շեշտել` վստահ է, որ մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու, և բոլորս ապրելու ենք Գևորգի երազած հայրենիքում: