Մամուլի սրահ

Ինտենսիվ այգեգործության ծրագրի ծավալներն ավելանում են

3 րոպեի ընթերցում

Ինտենսիվ այգեգործության ծրագրի ծավալներն ավելանում են

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության ծրագիրը, որը գործարկվել է 2018 թվականից, վերջին շրջանում մեծ ակտիվություն է գրանցել։ Շատերը ցանկանում են օգտվել պետական ծրագրի հնարավորությունից, հիմնել նոր պահանջներին համապատասխան այգիներ՝ ստանալով աջակցություն մինչև 50 տոկոսի չափով։ Եթե մեկնարկային շրջանում տարեկան ստացվում էր 10 հա, 58 հա այգեհիմնման հայտ, ապա այսօր ցուցանիշները նկատելիորեն բարձր են։ 2024 թվականին գրանցվել է 780 հա այգեհիմնման հայտ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ ծրագրի ցուցանիշները բավական գոհացուցիչ են։  

«2018 թվականից ի վեր ստացվել է 7700 հա այգեհիմնման հայտ։ Այն ներգրավել է 200-230 մլրդ դրամ ներդրում այգեգործության ոլորտում։ Քանի որ այգիները հիմնելու գործընթացն իրականացվում է 2 տարվա ընթացքում, ապա այսօրվա դրությամբ, կարող ենք ասել, որ արդեն ունենք ամբողջական հիմնված 2600 հա հիմնված այգի»,-ասաց Արման Խոջոյանը։ 

Անդրադառնալով հիմնված այգիների աշխարհագրական բաշխվածությանը՝ նախարարի տեղակալը նշեց, որ ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Արմավիրին, որին հաջորդում է, Արագածոտնը, այնուհետև Կոտայքը, Արարատը։ Ինչ վերաբերում է մշակաբույսերին, ապա առաջին տեղում դեղձենին ու նեկտարենին են, մեծ հետաքրքրություն կա նշենու այգիների, կեռասի, սալորի, պիստակի, ընկույզի նկատմամբ։

2021 թվականին կառավարությունը սահմանել էր տարեկան շուրջ 1000 հա այգեհիմնման թիրախ։ Արման Խոջոյանն ուրախությամբ նշեց, որ յուրաքանչյուր տարի այդ ցուցանիշը գերակատարել են։ 

«Մի կարևոր հանգամանք ևս կցանկանայի ընդգծել։ Այս ծրագիրն ունի ոռոգման արդիական համակարգերի աջակցության բաղադրիչ։ Եթե ֆերմերը 0,5 հա-ից մինչև անսահմանափակ տարածքով հատվածում ներդնում է ջրախնայող տեխնոլոգիաներ, ապա կառավարությունը ևս փոխհատուցում է ծախսերի մինչև 50 տոկոսը։ Դրանից բացի, ասեմ նաև, որ առանձնացվել է 270 բնակավայր, որտեղ կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար փոխհատուցումը սահմանվել է 75 տոկոս»,-ասաց նախարարի տեղակալը։ 

Էկոնոմիկայի նախարարությունը գործարկել է 81-40 կարճ հեռախոսահամարը, որին ցանկացողները կարող են զանգահարել գյուղատնտեսության ոլորտին առնչվող ցանկացած հարցով։  Բաց թողնված զանգերը օպերատորի մոտ կֆիքսվեն և հետ զանգ կկատարվի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում