Գյուղապահովագրության համակարգում փոփոխություններ են սպասվում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գյուղապահովագրության ոլորտում որոշակի խնդիրներ ու մարտահրավերներ են արձանագրվել։ Այդ պատճառով գյուղապահովագրության համակարգում փոփոխություններ կատարելու համար գործընթաց է սկսվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ սպասվում է ֆերմերների, ապահովագրվողների ընտրության մեխանիզմների որոշակի փոփոխություն։
«Գյուղապահովագրության ծրագիրը մեկնարկից ի վեր լավ տեմպերով աճ էր արձանագրում, սակայն ընթացքում որոշակի խնդիրներ ի հայտ եկան։ Առավել պարզ ու հասկանալի լինելու համար փորձեմ զուգահեռ անցկացնել բժշկական ապահովագրության համակարգի հետ։ Երբ խոսում ենք բժշկական ապահովագրության մասին, ապա տեսնում ենք, որ քրոնիկ, սուր առողջական խնդիրներ ունեցող մարդկանց ապահովագրությունը համարվում է բարձր ռիսկային։ Հիմա պատկերացրեք, որ ապահովագրվողների մեծ մասը լինեն բարձր ռիսկային համարվող անձինք։ Պարզ է, որ ապահովագրության համակարգը կտուժի։ Անհրաժեշտ կլինի, որ ապահովագրական ընկերությունն ապահովի մեծ ծավալ, որում լինեն և՛ բարդ, և՛ առանց խնդիրների դեպքերը, որպեսզի բալանսը պահպանվի։ Հիմա վերադառնանք գյուղապահովագրությանը։ Նման մի իրավիճակ է այստեղ։ Շատերն ապահովագրում են բարձր ռիսկային գոտիներում գտնվող իրենց հողատարածքները, որտեղից եկամուտների ակնկալիքներ չունեն՝ պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական պայմաններով։ Արդյունքում՝ ապահովագրական փոխհատուցման վճարներն աճում են, ինչը բեռ է դառնում ապահովագրական ընկերությունների համար»,-ասաց Արման Խոջոյանը։
Նախարարի տեղակալն իր ներկայացրածը հիմնավորեց թվերով։ 2023 թվականին ձևավորվել է 1,8 մլրդ դրամ ապահովագրավճար, իսկ փոխհատուցումը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Դա իրականացվել է ապահովագրական ընկերությունների, վերապահովագրող կազմակերպության կողմից, բայց այստեղ իրենց մոտ հարցեր են առաջանում, որովհետև ի վերջո, իրենք եկամուտ հետապնդող կազմակերպություններ են։
Մյուս մարտահրավերն, ըստ Արման Խոջոյանի, կլիմայի փոփոխությունն է։ Նրա խոսքով՝ այն փուլում, երբ մշակվել է ծրագիրը, հաշվի է առնվել այդ ժամանակվա բնակլիմայական անբարենպաստ դեպքերի վիճակագրությունը, համապատասխան գոտիականությունը, սակայն այսօր ակնհայտ է, որ նույն, օրինակ, կարկուտի դեպքերը, ցրտահարությունը շատ ավելի հաճախակի են դարձել, քան նախկինում էր։
«Մարտահրավերները հաշվի առնելով՝ գյուղատնտեսության ապահովագրությունը մի փոքր ձևափոխություն կկրի, որ բացառենք այն դեպքերը, երբ մարդիկ ապահովագրում են ռիսկային գոտիներում գտնվող հողատարածքներ։ Դեպքեր ենք ունենում, որ մարդն ունենալով մի քանի հողատարածք, ապահովագրում է այն մեկը, որը ռիսկային գոտում է գտնվում։ Հետևաբար` ֆերմերների ու ապահովագրվողների ընտրության որոշակի մեխանիզմների փոփոխություն տեղի կունենա։ Ինչպես նաև այն կփոխկապակցվի գյուղատնտեսության ընդհանուր քաղաքականությանն ու ծրագրերին։ Միաժամանակ Կենտրոնական բանկի մեր գործընկերները բանակցություններ են վարում վերաապահովագրող ընկերությունների հետ, որ կարողանան նոր ապահովագրող ընկերություններ ներգրավել»,-հավելեց Արման Խոջոյանը։