ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում «Արտույտ» հայկական շարֆերի բրենդի գրանցած մեծ հաջողությունից հետո «Փարաջանով 100» նոր հավաքածուն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքածուի փակ ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։
Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն «Արտույտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանն ասաց՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցում են շուրջ յոթ տարի։ «Ի սկզբանե ունեցել ենք մետաքսե շարֆերի հավաքածու՝ Փարաջանովի կոլաժների հիման վրա։ Այս տարի Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ։ Մենք ևս մասնակցեցինք մրցույթին։ Ընկերությունը 2017-ից տարին երկու անգամ մասնակցում է Միլանի նորաձևության շաբաթներին, ուստի որոշեցինք այնտեղ ներկայացնել Փարաջանովին նվիրված հագուստների և նոր շարֆերի հավաքածուն, կազմակերպել կինոդիտում՝ փարաջանովյան օր նվիրելով Միլանին»,-պատմեց Առաքելյանն ու հավելեց՝ երկօրյա միջոցառմանը ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, անցկացվել է դասախոսություն։ Այդ ամենը համակարգել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Ցուցադրությունը կազմակերպվել է Միլանի Բագատի Վալսեկի թանգարանում, որտեղ Վերածննդի դարաշրջանի աշխատանքներ են ներկայացվում, իսկ Փարաջանովն իր ստեղծագործություններով անդրադարձել է այդ շրջանին։
Փարաջանովը զարմացրել է իտալացիներին։ Միջոցառումից հետո տարբեր համադրողներ, արվեստագետներ «Արտույտ»-ին շնորհակալություն են հայտնել ցուցադրության համար՝ նշելով, որ ցուցադրության շնորհիվ ավելի լավ են ճանաչել Փարաջանովին, նրա արվեստը։ Եղել են այցելուներ, որոնց համար Սերգեյ Փարաջանովը բացահայտում է եղել։
Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանի խոսքով՝ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստները ստեղծել են ցուցադրությունը լրացնելու, Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու նպատակով։ Հագուստները վաճառքի համար չեն, իսկ շարֆերի մի մասը Փարաջանովի կոլաժների արտատպում են, մի մասն էլ ստեղծվել է՝ ոգեշնչված Փարաջանովի արվեստից։
«Շատ ուրախ ենք, որ ցուցադրությունն այնքան հաջողված է, որ այն արդեն Երևանում ենք ներկայացնելու։ Ցուցադրությանը Իտալիայից Հայաստան է ժամանելու մեր թիմը»,-ասաց Բիշարյանն ու տեղեկացրեց, որ Միլանում նաև թվային արվեստի ցուցադրություն են կազմակերպել, որի շրջանակում ինը իտալացի և մեկ հայ նկարիչ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովից։
Իտալացի նկարիչները շատ երիտասարդ են եղել. նրանցից շատերը չեն ճանաչել մեծ արվեստագետին, սակայն, աշխատելով ցուցադրության շուրջ, բացահայտել են նրան, ոգևորվել, ոգեշնչվել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրեց, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։ «Ընդհանուր առմամբ, Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումների իրագործման համար տրամադրվել է 1 մլրդ դրամի չափով գումար։ Մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ կարևոր է դուրս գալ հուշ-երեկոներից ու առաջարկել նոր մոտեցումներ, թե ինչպես է այսօրվա երիտասարդը, ՀՀ քաղաքացին յուրացնում, ընկալում Փարաջանովի ժառանգությունը։ Ծրագրերն իրականացնելով՝ տեսանք, որ նման մոտեցումն իսկապես հետաքրքիր է։ Կազմակերպվել են նաև ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ»,-շեշտեց փոխնախարարը։
«Արտույտ»-ը ստեղծում է շարֆեր հայ դասական և ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների հիման վրա։ Համագործակցում է Հայաստանի տարբեր թանգարանների հետ, անհատ նկարիչների, նրանց ժառանգների հետ և տարածում հայկական արվեստը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։
Երբ ամիսներ առաջ Հայաստան են բերվել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը, «Արտույտ»-ը Հայաստանի պատմության թանգարանին առաջարկել է բրոնզաձույլ քանդակի պատկերով շարֆեր արտադրել։ Նրանք համաձայնություն են ստացել Բրիտանական թանգարանից և շուտով շարֆերը կներկայացնեն հանրությանը։ Շարֆերի դիզայները Քրիստինե Մկրտչյանն է։ Նա «Հերմես» ապրանքանիշի նկարչուհիներից մեկն է։