ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի MarAni անիմացիոն շուկայի շրջանակում հայաստանյան լսարանը հնարավորություն ունեցավ ունկնդրելու «Անսի» (Annecy) միջազգային անիմացիոն կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի ղեկավար Վերոնիկ Էնկրենազի ելույթը։ Էնկրենազը ներկայացրել է MIFA-ի հարթակը և ընդգծել վերջինիս ձեռքբերումները: MIFA-ն առաջարկում է ֆիլմարտադրության ոլորտի միջոցառումներ և մասնագիտական հանրույթի հետ կապեր հաստատելու լայն շրջանակ, այդ թվում՝ MIFA փիչերը, ֆիլմերի ցուցադրությունները, համաժողովները, պանելային քննարկումները և այլն։ 2024 թվականին MIFA-ն հյուրընկալել է 6580 պատվիրակ 103 երկրից, ինչպես նաև ավելի քան 1000 ընկերություն: «Արմենպրես»-ը զրուցել է Վերոնիկ Էնկրենազի հետ անիմացիոն ոլորտի ընթացիկ միտումների, ֆինանսավորման անհրաժեշտության, MIFA-ի և MarAni-ի միջև հնարավոր համագործակցության և այլ թեմաների մասին։
- Որպես միջազգային անիմացիոն համայնքի առանցքային դերակատար, գլոբալ անիմացիոն ոլորտի ո՞ր միտումներն են ձեզ ամենաշատը գրավում։
- Ինձ համար անիմացիայի ոլորտում ամենահետաքրքիր միտումը գնալով աճող բազմազանությունն է: Մենք տեսնում ենք անիմացիայի հանդեպ հետաքրքրության աճ տարբեր երկրներում, որոնք իրենց հետ բերում են թարմ պատմություններ և յուրահատուկ ոճեր: Իմ պրեզենտացիայի ժամանակ խոսեցի աֆրիկյան երկրների մասին, որոնց անիմատորները հանդես են գալիս յուրահատուկ ծրագրերով և տեխնիկայով, որոնք կարող են դառնալ նոր և հետաքրքիր պրոդուկտներ։ Մենք տեսնում ենք նաև լատինաամերիկյան և ասիական ձեռագիրը՝ բոլորովին այլ ոճերով և պատումներով: Մեկ այլ հետաքրքիր միտում է մեծահասակների անիմացիայի աճը: Ավանդաբար անիմացիան ընկալվում էր որպես երեխաների համար նախատեսված բովանդակություն, բայց դա գնալով փոխվում է, քանի որ երիտասարդ սերունդը, որը մեծացել է կոմիքսներով և խաղերով, այժմ անիմացիան համարում է որպես իր մշակույթի մաս: Նրանք ցանկանում են անիմացիոն բովանդակություն, որն արձագանքում է իրենց տարիքին և ճաշակին: Մեծահասակների համար անիմացիայի պահանջարկն աճում է, ինչը սերտորեն կապվում է վավերագրական ֆիլմերի ժանրում ստեղծագործելու հետ: Շարժապատկերը շերտ է ավելացնում վավերագրական ֆիլմին՝ դժվարին թեմաները դարձնելով ավելի մատչելի՝ միաժամանակ արդյունավետ կերպով մատուցելով պատմությունը:
- Այսօր շատ ստեղծագործողներ ձգտում են անդրադառնալ մարդկանց հուզող բարդ հարցերի։ Որքանո՞վ է անիմացիան օգտագործվում հասարակության սոցիալական խնդիրները բարձրաձայնելու համար։
- Ինչպես արդեն նշեցի, ստեղծագործողներն այսօր հաճախ են ընտրում անիմացիոն լուծումները՝ դժվարին թեմաները ներկայացնելու համար: Օրինակ՝ օսկարակիր ֆրանսիացի ռեժիսոր Միշել Ազանավիսյուսի անիմացիոն ֆիլմը՝ «Ամենաթանկ բեռը» (The Most Precious of Cargoes), որը նաև ՌեԱ-ի ծրագրում էր, անիմացիայի միջոցով պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Այս դեպքում շարժապատկերը հնարավորություն է տալիս ավելի հզոր կերպով փոխանցել ուղերձը, ինչը դերասանական խաղի միջոցով դժվար կլիներ։ Երբեմն իրականությունն այնքան ծանր է ընկալելու համար, որ մարդն, ամենայն հավանականությամբ, նախընտրում է անիմացիոն վավերագրական ֆիլմը պարզապես վավերագրության փոխարեն։ Բացի այդ՝ անիմացիան առաջարկում է ֆիլտր, որը հեշտացնում է այս թեմաների մատուցումը։ Այն կյանք է հաղորդում մարդկանց և անցյալի իրադարձություններին՝ թույլ տալով նրանց նորից խոսել և հանդիսատեսի հետ յուրահատուկ կապ հաստատել։
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ անիմատորներին կամ ոլորտով հետաքրքրվողներին: Որտեղի՞ց նրանք պետք է սկսեն և ինչի՞ վրա կենտրոնանան:
- Աղջկաս, ով նկարիչ է և աշխատում է սեփական նախագծերի վրա, մշտապես ասում եմ՝ կիսվիր քո գաղափարներով։ Անիմացիան թիմային աշխատանք է․ այն ստեղծելու համար ձեզ մեծ թիմ է պետք, այնպես որ մի հապաղեք կապ հաստատել այլ մասնագետների հետ: Դուրս եկեք ձեր նեղ շրջանակից, կիսվեք ձեր կատարած աշխատանքով և լսեք կարծիքներ: Օրինակ, Annecy-ում ես խրախուսում եմ երիտասարդ անիմատորներին ծանոթություններ հաստատել պրոդյուսերների և ստուդիաների հետ, քանի որ նրանք մշտապես փնտրում են նոր տաղանդներ: Արձագանքները չափազանց անձնական մի ընդունեք. մնացեք գործնական և իրատես: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս ձեր աշխատանքը, օգտագործեք այն որպես կատարելագործվելու հնարավորություն։ Եթե վստահ եք ձեր ընտրած ոճի մեջ, ցույց տվեք այն այլոց, նույնիսկ քննադատության դեպքում դուք կշահեք, քանի որ կառուցողական արձագանքն օգնում է աճել և զարգանալ։
- Ի՞նչ դիտարկումներ ունեք անիմացիոն ոլորտի ընթացիկ ֆինանսավորման վերաբերյալ: Ոլորտն ավելի շատ ներդրումներ պահանջու՞մ է։
- Տարբեր հարթակներ ներկայում բախվում են ֆինանսավորման խնդրին, ինչը ազդում է անիմացիոն ոլորտի վրա: Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի ամեն ինչ կբարելավվի, բայց ֆինանսավորման ավելացումը խիստ պարտադիր է։ Բովանդակության, հատկապես մեծահասակների համար նախատեսված անիմացիայի ավելի լայն բացահայտման կարիք կա, որը պահանջում է ավելի շատ հարթակների ու ընկերությունների աջակցությունը՝ այս տեսակի բովանդակություն փնտրող երիտասարդ հանդիսատեսին հասնելու համար: Քանի որ ընտանեկան անիմացիայի պահանջարկը դանդաղել է, հուսանք միայն ժամանակավոր, մենք ակնկալում ենք, որ մեծահասակների անիմացիայի այս պահանջարկը կարող է օգնել հավասարակշռել ֆիլմարտադրությունը։
Օրինակ, Ֆրանսիայում մենք ունենք զգալի պետական ֆինանսավորում Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) կողմից, որը ծառայում է որպես կինոյին աջակցելու լավագույն մոդելներից մեկը։ Պետական ֆինանսավորումը նվազում է շատ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, բյուջեի դեֆիցիտի պատճառով, ինչը ստեղծում է մասնավոր ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն: Բարեբախտաբար, խոշոր մեդիա ընկերությունները սկսում են ներդրումներ կատարել անիմացիայի և այլ ստեղծագործական բովանդակության մեջ, սակայն մենք պետք է պահպանենք պետական ֆինանսավորման բարձր մակարդակ՝ աջակցելու այն ֆիլմերին, որոնք կարող են չշոշափել զանգվածային լսարանի հետաքրքրությունները: Սա ներառում է բարդ կամ գեղարվեստական թեմաներով ֆիլմեր, որոնք հաճախ սպասարկում են հատուկ հանդիսատեսին և կարող են չբերել այն եկամուտները, որոնց սովորաբար ձգտում են մասնավոր ընկերությունները: Հանրային ֆինանսավորումը շարունակում է կարևոր մնալ այս տեսակի ստեղծագործ աշխատանքներին աջակցելու համար:
- Որպես անիմացիայի ոլորտի ամենահեղինակավոր փառատոնային հարթակներից՝ ո՞րն է Annecy-ի և MIFA-ի հաջողության բանաձևը:
- Annecy-ի հաջողության բանաձևը նրա բաց լինելն է բոլոր ժանրերի նկատմամբ՝ գեղարվեստականից մինչև գովազդային: Մենք հյուրընկալում ենք ինչպես մեծ ստուդիաներ, այնպես էլ երիտասարդ, անկախ ընկերություններ: Ամեն տարի մենք փառատոնը համալրում ենք նոր տարրերով՝ առաջարկելով անիմացիոն համայնքի տարբեր կարիքներին ուղղված լուծումներ: Մենք նաև մեծապես կենտրոնանում ենք ուսանողների՝ ոլորտի ապագա մասնագետների վրա: Անսին մի քանի օրով վերածվում է անիմատորների տան․ երբ մարդիկ մեկ անգամ գալիս են, նրանք սովորաբար վերադառնում են: Մեր էկոհամակարգն աջակցում է բոլորին՝ ուսանողներից մինչև դիստրիբյուտորներ՝ ներկայացնելով տեխնոլոգիայի զարգացումից մինչև կրթություն ու այլ հարցեր։ Ողջ տարվա ընթացքում մենք անցկացնում ենք սեմինարներ արտասահմանում և համագործակցում արվեստի դպրոցների հետ՝ ստեղծելով անիմատորների աջակցության համաշխարհային համակարգ։
- Ինչպե՞ս եք ընտրում երկրներին, որոնց հետ համագործակցում եք։
- Մենք սերտորեն համագործակցում ենք ամբողջ աշխարհում ֆրանսիական դեսպանատների և նրանց աուդիովիզուալ կցորդների հետ, ովքեր մեզ տեղեկացնում են երկրում ոլորտային զարգացումների մասին և օգնում կազմակերպել այցելություններ, երբ որևէ երկիր ցույց է տալիս անիմացիայի խոստումնալից զարգացումներ: Անիմացիոն համայնքների հետ կապը մեզ օգնում է ստեղծել պատմություններ, որոնք ռեզոնանս են առաջացնում ամբողջ աշխարհում: Առաջին անգամ, երբ մենք նախագծեր ստացանք Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից, դրանք շատ տեղայնացված էին, գեղեցիկ, բայց համաշխարհային լսարանի համար դժվար ընկալելի: Ժամանակի ընթացքում այս թիմերը ադապտացրին իրենց պատմությունները՝ ավելի լայն լսարանին գրավելու համար: Խոսքը վերաբերում է պատմություններ պատմելու տեխնիկային, որոնք և՛ խորապես անձնական են, և՛ համընդհանուր։
- Ի՞նչ պոտենցիալ համագործակցություններ եք տեսնում MIFA-ի և MarAni-ի միջև:
- Այո, մենք տարբեր ձևաչափեր քննարկել ենք։ Թեև կոնկրետ մոտեցման վրա դեռ չենք կանգ առել, բայց համագործակցության գաղափարը կա: Մեր այստեղ ներկայությունն արդեն իսկ գործընկերության ձևերից է: Annecy-ի «Լավագույնը» ընտրանիները կարող են ցուցադրվել MarAni-ի ցուցադրություններում՝ հայ հանդիսատեսին հնարավորություն տալով տեղեկանալ մրցանակակիր ֆիլմերի մասին: Բացի այդ, գործընկերության մեկ այլ միջոց կարող է լինել պրոդյուսերներին, խոսնակներին ու ֆիլմերը MarAni բերելը: Տարբեր համագործակցության ներուժ կա, և Annecy-ի ռեզիդենտ, անիմատոր Տիգրան Առաքելյանի հետ մենք արդեն ավելի սերտ կապեր ենք կառուցում Հայաստանի հետ։
- Որպես փոքր երկիր՝ մենք հաճախ կիրառում ենք միջազգային փորձը: Ի՞նչ եզակի ներդրում կարող է ունենալ Հայաստանը համաշխարհային անիմացիոն ֆիլմարտադրության մեջ:
- Հայաստանը շատ բան ունի առաջարկելու՝ իր հարուստ պատմությունն ու արվեստի յուրահատուկ ժանրերը: Յուրաքանչյուր արվեստագետ իր պատմության մեջ ներդնում է իր երկրի ազդեցությունը: Երբ հայ ստեղծագործողները կիսվում են իրենց պատմություններով արտերկրում, նրանք աշխարհին ներկայացնում են Հայաստանը: Annecy-ում մենք աջակցում ենք բազմաթիվ երկրների ստեղծագործողներին՝ նրանց տալով համաշխարհային հարթակ: Այդ իսկ պատճառով մենք խրախուսում ենք, որ երկրներն ավելի շատ ֆինանսավորում տրամադրեն իրենց տեղական ստեղծագործողներին, ինչը թույլ կտա անիմատորներին մասնակցել նմանատիպ փառատոների, ծանոթություններ հաստատել՝ ստանալով մասնագիտական խորհուրդներ ու ոգեշնչում: