Մշակույթ

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն Ազնավուրին նվիրված երգի շուրջ է համախմբել հայ և ֆրանսիացի հայտնի արտիստների

5 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն Ազնավուրին նվիրված երգի շուրջ է համախմբել հայ և ֆրանսիացի հայտնի արտիստների

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի Jamais «Երբեք» ստեղծագործությունը (խոսքերը՝ Բատիստ Ֆոմերի), որը ծնվել է Շառլ Ազնավուրի փիլիսոփայությունից ոգեշնչված, կատարում են հայ և ֆրանսիացի հայտնի աստղեր՝ իրենց մեծ սերն արտահայտելով մեծն շանսոնյեի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ երգի պրեմիերան լրագրողների հետ հանդիպմանը Շուշան Սարգսյանը պատմեց՝ Jamais-ը գրվել է 2019 թվականին՝ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց։ Կոմպոզիտորը կարդացել է արտիստի կոշիկների պատմությունը, որը նրան շատ է հուզել, քանի որ ունի լուրջ ասելիք, խորը փիլիսոփայություն, ուժ։ «Հասկացա, որ այն որպես դասագիրք կարող են ընթերցել արվեստագետները, այլ մասնագիտություններ ունեցողները,  քանի որ ոգեշնչող պատմություն է այն մասին, որ երբեք չպետք է հանձնվել։ Այդ ընթացքում ծնվեց «երբեք» բառը»,-ասաց Սարգսյանը։

Երգի դեմո տարբերակը ձայնագրել են երգչուհի Մաշա Մնջոյանի հետ, երբ ո՛չ խոսքերը կային, ո՛չ գործիքավորումը։  Փաստել են, որ գեղեցիկ է ստացվել, սակայն երգը հանրությանը ներկայացնելու ճիշտ ժամանակը դեռ չի եկել։ Տարիներ անց Շուշան Սարգսյանը երգի դեմո տարբերակը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին։ Նա էլ առաջարկել է երգը ձայնագրել Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ։

Ըստ կոմպոզիտորի՝ Ազնավուրը շատ մեծ է, և երգը չէր կարող մի երգիչ կատարել։ «Մտածում էի՝ այն պետք է երգեն արտիստներ Հայաստանից և Ֆրանսիայից։ Երկու երկրներից շատ տաղանդավոր երգիչներ ու երգչուհիներ են կատարում երգը՝ Մաշա Մնջոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ Mp3-ը, Էրիկը, օպերային աստղեր Գևորգ Հակոբյանը, Ջուլիաննա Գրիգորյանն ու Հովհաննես Այվազյանը։ Նրանց միացել են ֆրանսիացի հայտնի երգիչներ Ժուլիեն Դասենը, որը Ժո Դասենի որդին է, ծագումով հայ Հելեն Սեգարան, որին շատերը կհիշեն «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից, որում նա մարմնավորում է Էսմերալդային»,-պատմեց Սարգսյանը։

Աշխատանքներն իրականացրել են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ Տեսահոլովակը ևս նկարահանվել է երկու երկրում։ «Համախմբել ենք երկու երկրի պրոֆեսիոնալների, որոնց միջոցով իրականացրել ենք նախագիծը»,-նշեց Շուշան Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն իրենց հավատալու և աջակցելու համար։

Երգչուհիներ Մաշա Մնջոյանն ու Աննա Խաչատրյանն առաջին անգամ չեն համագործակցում կոմպոզիտորի հետ։

Մնջոյանի խոսքով՝ մեծ ուրախությամբ է Սարգսյանի հետ փորձում իրագործել նրա գաղափարներն ու  դրանք ներկայացնել հանդիսատեսին։ Նա բազմիցս կատարել է Ազնավուրի երգերը։ Մեծ հարգանք ու սեր է տածում արտիստի նկատմամբ, և ոչինչ չէր կարող իրեն խանգարել մասնակցել նրան նվիրված նախաձեռնությանը։

Աննա Խաչատրյանը մեծ պատիվ է համարում նման նախագծի մի մասը կազմելը։ «Շատ զգույշ ենք մոտեցել այս աշխատանքին, քանի որ Ազնավուրին երբեմն վախենում ենք դիպչել, բայց սիրով ենք աշխատել։ Վստահ եմ՝ բոլորի սպասումները կարդարացնենք»,-հավաստիացրեց երգչուհին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Շառլ Ազնավուրին նվիրված մի շարք միջոցառումների է մասնակցել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում և փաստեց՝ բոլորս գիտենք, որ Ազնավուրը մեծություն է, ազգային հերոս է, հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշն է։ «Ամեն տեղ մարդկանց հետ զրուցելիս ես հասկացա, որ Ազնավուրը բոլորիս ընկերն է։ Նա մեր կյանքում է, մեր տանն է, թե՛ ուրախության, թե՛ տխուր պահերին այնքան ենք լսել Ազնավուրի ստեղծագործությունները, որ նա դարձել է մեր ընկերը։ Դա խոսում է նրա մեծության մասին։ Նա մեծ մարդ էր, մեծ արտիստ և բոլորիս սրտում է»,-շեշտեց Դանիելյանը։

Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի համոզմամբ՝ աշխարհի տարբեր երկրների տարբեր սերունդներ Ազնավուրին ընդունում են որպես իրենցից մեկի։ «Տեսահոլովակը նկարահանելիս մտածում էինք, թե ինչպես ներկայացնել այդ հսկային, որին տարբեր սերունդներն են լսում, նրա երաժշտությունը չի հնանում և միշտ ակտուալ է։ Երգն էլ, երաժշտությունն էլ, երգիչների հավաքական սիմբիոզն էլ շատ մասշտաբային են։ Մենք չէինք կարող դա պարզ ու հասարակ ներկայացնել, ուստի ուսումնասիրեցինք ժամանակակից տեխնոլոգիաներն ու նեյրոցանցերի միջոցով ստեղծեցինք այդ շարքը, որտեղ մեր երգիչներն են, Ազնավուրի պատմությունն է, մեր տեսլականն է Շառլի մասին»,-մանրամասնեց ռեժիսորը։

Երգը, որի տեսահոլովակը ևս պատրաստ է, նոյեմբերի 5-ին կներկայացվի հանդիսատեսի փոքր շրջանակին, իսկ օրեր անց կհանձնվի բոլորի դատին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում