Մշակույթ

Մեկնարկել են ֆրանկոֆոն 6-րդ թատերական հանդիպումները

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել են ֆրանկոֆոն 6-րդ թատերական հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 7-ը Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները, որի շրջանակում նախատեսված է միջազգային գիտաժողով, ներկայացումներ և թատերական ընթերցումներ, թատերկի հայերեն հրատարակության շնորհանդես։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայից,  6-րդ թատերական հանդիպումները՝ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրի ներքո, նվիրված է ռումինացի ֆրանսագիր թատերագրին։ Վեց տարի շարունակ այս նախագիծը ֆրանսագիր թատերգուների երկերի միջոցով հետամուտ է Հայաստանում ժամանակակից ֆրանսագիր թատերարվեստի տարածմանը: 

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել են «Ժամանակատարածական և հասարակական դրսևորումները Էոժեն Իոնեսկոյի արվեստի և փիլիսոփայության մեջ»  խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները, որը շարունակվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իսկ նոյեմբերի 5-ին գիտաժողովը կհյուրընկալվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 

Գիտաժողովին զեկույցներով հանդես են գալիս հայաստանյան բուհերի, Ռումիներենի ինստիտուտի, Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետի, Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի գրականագետներ, թատերագետներ, լեզվաբաններ։  Նախագիծն իրականություն է դարձել գործընկերների աջակցությամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (OIF), Հայաստանում Ռումինիայի դեսպանություն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն, «Անկյունաքար» հրատարակչություն: 

Նախագծի մեկնարին ընդառաջ Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում