Ըստ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու խոցելի ընտանիքների կարիքների՝ քայլեր են ձեռնարկվում սոցիալական բնակապահովման համար. նախարար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի ունեցավ «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, CRS-ի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչությունը և և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվեցին սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ուղղությամբ ՀՀ տեսլականը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվեց սոցիալական բնակարանային այլ մոդելներով և ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ու մարմինների ներգրավման կարևորությունը։

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց սոցիալական բնակարանային քաղաքականության ոլորտում  նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։  

Նրա խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավմանը ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: 

Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։

«Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվում են քայլեր Հայաստանում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների կարիքները: Լիահույս եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայում գործող CRS-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև մեր տեղական և միջազգային գործընկերների ջանքերի համատեղմամբ՝ կունենանք շոշափելի արդյունքներ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։  

CRS-ի բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչն իր խոսքում ուրախություն հայտնեց Հայաստանում գտնվելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերին աջակցելու առթիվ՝ ուղղված ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներդրման միջոցով տեղահանված անձանց և խոցելի խմբերի բնակարանային կարիքների լուծմանը։ 

«Վերջին տասնամյակում մեր կազմակերպությունը հաջողությամբ աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի կառավարությանը՝ երկարաժամկետ տեղահանման հետ կապված հարցերը լուծելու գործում՝ երկրում ստեղծելով ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման համակարգ։ Մենք հավատում ենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի մեր փորձը նպաստելու է Հայաստանում հասանելի, կայուն և երկարաժամկետ բնակարանային լուծումների մշակմանն ու իրականացմանը։ Ստորագրելով փոխըմբռնման հուշագիրը ԱՍՀՆ-ի հետ՝ CRS-ը հանձնառություն է ստանձնում ապահովել տեխնիկական աջակցություն քաղաքականությունների մշակման, ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման պիլոտային ծրագրի իրականացման և ռեսուրսների մոբիլիզացման միասնական գործողությունների նպատակով»,-նշեց նա։

Քննարկումը շարունակվեց  ոլորտում կարիքների համապարփակ վերլուծության ներկայացմամբ և Բոսնիա Հերցեգովինայում ներդրված՝  ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներկայացմամբ։ Հաջորդիվ ոլորտում իրենց կատարած և պլանավորված աշխատանքն են ներկայացրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ինչպես նաև ոլորտում դերակատար ՀԿ-ների ներկայացուցիչները։ 

Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին նաև օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կառույցների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

 

Հայերեն Русский

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային