ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մատենադարանում տեղի ունեցավ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» ցուցասրահ-լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջնադարյան կյանքի և մասնագիտությունների հետ կապված տարբեր ձեռագրերի լաբորատորիայում հնարավոր կլինի մասնակցել ձեռագրերում պարունակվող բաղադրատոմսերին համապատասխան մի քանի ապրանքատեսակների ստեղծման գործընթացին: Ծրագիրն իրականացվել և ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր խոսքում նշեց, որ շուտով իրենց հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի թիվը կհատի մեկ տասնյակը, բայց այդ շարքում իր առանձնահատուկ տեղն ունի հայ միջնադարյան հմտությունների, արհեստների և արվեստների լաբորատորիան երկու հիմնական պատճառով։
«Նախ, որ ուղղված է Մատենադարանի բոլոր այցելուներին՝ անկախ տարիքից, այնուհետև առաջին անգամ լիարժեք կերպով այցելուներին է ներկայացվելու մի ամբողջ մշակութային շերտ, այն է՝ ձեռագրերի ստեղծման պատմությունը, մատյանների կազմությունը և, եթե կարելի է ասել, ձեռագրի անատոմիան։ Այցելուները հնարավորություն կունենան առնչվելու ձեռագրագիտության և բժշկագիտության դարերով կուտակած փորձին, աշխարհի յուրատեսակ մի ընկալման, որտեղ մարդկային ոգու և մարմնի առողջությունն անջատ չէ արվեստից, տիեզերական իրողություններից և պրոցեսներից։ Նման ընկալումը նոր թափով է վերադառնում այսօր մարդկությանը տարբեր տեսությունների, գիտությունների և գաղտագիտական սկզբունքների միջոցով։ Լաբորատորիայի գոյությունն ուղղակիորեն բխում է Մատենադարանի ցուցադրական քաղաքականության սկզբունքներից, դրանք են՝ ցուցադրությունների դիվերսիֆիկացիան, այցելուի զգայական ընդգրկվածությունը և ներառականությունը»,- ասաց Խզմալյանը։
Մատենադարանի տնօրենը տեղեկացրեց, որ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը մշակութային հաստատություններում ձեռնարկատիրության խթանումն է։ Արդեն իսկ ստեղծված են ծրագրին առնչվող պարագաներ, իսկ գարնանը Մատենադարանում գործարկվելիք նոր վաճառասրահում առանձին տեղ է հատկացվելու ծրագրի թեմատիկ հուշանվերներին։ Գործելու է նաև տոմսային տնտեսության առանձին համակարգ և կրթական ծրագրեր։ Խզմալյանը վստահեցրեց, որ տվյալ նախաձեռնությամբ իրենք ընդլայնելու են միջնադարյան մշակույթի և գիտության վերաբերյալ այցելուների իմացության շրջանակները և բարձրացնելու են գրավչությունը Մատենադարանի թանգարանի հանդեպ։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ լավ ավանդույթ է դարձել Մատենադարանում լաբորատորիաների բացումը։
«Մատենադարանի արագ և հզոր զարգացումը բոլորն արդեն նկատել են։ Նման ծրագրերը նաև ցույց են տալիս, թե որքան կարևոր է գիտությունը ՀՀ-ի համար, ինչպես նաև խթանում են զբոսաշրջությունը՝ նպաստելով նաև ձեռնարկատիրության զարգացմանը։ Լավ ավանդույթ է դարձել ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում, ինչի վկայությունն է «Կատապուլտ» ծրագիրը, ինչի համար ԿԳՄՍ նախարարության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում ինչպես Եվրամիությանը, այնպես էլ «Կատապուլտ» ծրագրի ղեկավարությանը, և անձամբ դեսպան Վասիլիսի Մարագոսին։ Լիահույս ենք, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, քանզի դեռ շատ բան ունենք անելու»,- նշեց Քոչարյանը։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր ելույթում նշեց, որ Եվրամիությունը հաճույքով համագործակցում է Մատենադարանի հետ, արժևորում ու գնահատում է նաև հայաստանյան այլ հաստատությունների գործունեությունը, որոնց հետ նույնպես համագործակցում է։
«Նախևառաջ այն պատճառով, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում մշակութային ժառանգության պահպանմանը, ինչը նաև համաշխարհային ժառանգության մաս է կազմում։ Ու նաև այն պատճառով, որ դուք մեծապես կարևորում եք հմտությունների զարգացումն ու բարելավումը, ցանկանում եք հին մոդելները պահպանելով՝ ներգրավել նոր հմտություններ ու դրանց միակցությունը փոխանցել գալիք սերունդներին։ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ նպաստելով նրա դիմակայունության բարձրացմանն ու կարողությունների ավելացմանը։ Ես այստեղ մենակ չեմ, ինձ հետ է ՀՀ-ում Հունաստանի դեսպանը, ով ներկայացնում է ԵՄ անդամ պետություններից մեկը, բայց մենք իրականացնում ենք թիմային աշխատանք համատեղ ջանքերով, ինչի վկայությունն են մեր նախաձեռնությունները։ Ցանկանում եմ առանձնահատուկ ողջունել Մատենադարանի փորձագիտական թիմին։ Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել տեսնելու նրանց պրոֆեսիոնալիզմն ու ոլորտային խոր գիտելիքները»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։
Մարագոսը ողջունեց «Կատապուլտ» ծրագրի գործընկերներին՝ իրենց ստեղծարար ու մեծածավալ աշխատանքի համար, ինչը հետագա զարգացման ու հետաքրքիր գաղափարների իրականացման կարևոր գործոն է, ինչպես նաև իր գոհունակության խոսքը հղեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որի նվիրյալ աշխատակիցներն օր ու գիշեր ԵՄ-ի ներկայացուցիչների հետ միասին աշխատում են՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով։ Մարագոսի դիտարկմամբ՝ տվյալ լաբորատորիան չէր ծառայի իր բուն նպատակին, եթե բաց չլիներ բոլոր այցելուների, հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների համար, ովքեր գալով այստեղ՝ ծանոթանալու են հայ միջնադարյան արհեստներին ու արվեստներին։
Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ներգրավել փորձագետներ, ովքեր կոգեշնչվեն հայկական մշակույթով և կաջակցեն, որպեսզի նորարար եղանակներով գալիք սերնդին փոխանցվի հարուստ ժառանգությունը։ ԵՄ-ն հետայսու ևս կստեղծի նոր հնարավորություններ, որոնք միտված կլինեն Հայաստանի տնտեսական զարգացմանն ու նրա քաղաքացիների բարօրությանը։