ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մեծածավալ աշխատանքներն իրականացնելու բազմաթիվ ընթացակարգային փոփոխություններ են կատարվել՝ հղկելով ու հստակեցնելով դրանք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում աշխատանքներն արագացնելու մեկնարկին մեծ մտավախություն կար, որ մասնավոր հատվածում շինկազմակերպություններն այդչափ ծավալուն շինարարություն կատարելու պատվեր չեն վերցնի։
«Իրականում առաջին մրցույթները որոշ չափով դրա մասին էին վկայում։
Ունեցել ենք փաթեթ, որտեղ հայտարարված 30 դպրոցների մրցույթից 10-ից ավելին չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով։ Այսօր մենք արձանագրում ենք, որ արդեն 93 շնորհված պայմանագրեր ունենք և 50-ից ավելի պայմանագրային գործընթաց, որոնք մեծ հավանականությամբ կունենան իրենց կատարողները և կմեկնարկեն եթե ոչ մինչև այս տարվա վերջ, ապա՝ եկող տարեսկզբին։ Սա վկայում է, որ մասնավոր հատվածը, հավատալով կառավարության ծրագրում եղած այն քաղաքականությանը, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ծավալվեն և լինեն շարունակական, ռեսուրսներ է վերահասցեագրում, այսինքն՝ իրենք ներգրավվում են այս կարևոր ծրագրի իրականացման ընթացքին»,-հավելեց փոխվարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ շինարարական կազմակերպությունները, ընթացքից ավարտելով ներկա փուլում իրականացվող աշխատանքները, կգնան հաջորդների իրականացմանը։
Նրա խոսքով՝ դպրոցաշինական մեծածավալ աշխատանքների մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ընթացակարգային փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղված են ընթացակարգերի իրականացման ժամկետների կրճատմանը։
«Մենք տեսնում ենք, որ մեր ընթացակարգերը բավականին ժամանակատար են, անհասկանալիորեն բարդացված, և որտեղ հնարավոր է պարզեցնել ու արագացնել, մենք փորձում ենք դա անել»,-պարզաբանեց Խաչատրյանը։
Ըստ նրա, բացի այդ, նախատեսվում է կազմակերպություններին թույլ տալ մինչև շինթույլտվություններ ստանալը կառավարության միջոցներով շինհրապարակներում կենտրոնացնել այն շինանյութն ու միջոցները, որոնք պետք է օգտագործվեն շինարարության մեկնարկի պահից։
Փոխվարչապետը նաև շնորհակալություն հայտնեց ֆինանսների նախարարությանը, որն աջակցություն է ցուցաբերել գնումների իրավական գործընթացներն ավելի հղկելու և պարզ ու սահուն դարձնելու ուղղությամբ։