Մշակույթ

«Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամները դադարեցրել են բողոքի ակցիան թատրոնի շենքում

4 րոպեի ընթերցում

«Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամները դադարեցրել են բողոքի ակցիան թատրոնի շենքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի անդամներից մի քանիսը, որոնք հոկտեմբերի 28-ից մուտք էին գործել թատրոնի շենք, գիշերում էին այնտեղ, այդպես իրենց բողոքն արտահայտում «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու ՀՀ կառավարության որոշման դեմ և պահանջում իրենց հնարավորություն տալ շարունակել ստեղծագործել «Գոյ» թատրոնում, հոկտեմբերի 30-ի երեկոյան որոշել են դադարացնել այդ ձևաչափով ակցիան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց՝ «Գոյ»-ի ներկայացուցիչ և փաստաբան Կարո Ասատրյանը, որը այդ պահին ևս թատրոնում էր, իրենց աջակիցների հետ եղել է դատախազությունում՝ հասկանալու, թե ինչ ընթացք է ստացել իրենց դիմումը և տեղեկատվության հարցում ուղարկել, որով իրավական պարզաբանում է ակնկալում ՀՀ արդարադատության նախարարությունից։ 

«Մեր՝ «Գոյ» թատրոնում հայտնվելը ուներ մի պահանջ։ Հրատապության խնդիր կար՝ կապված հարցի լուծման հետ։ Մենք ցանկանում էինք, որ մեր հարցին հրատապ լուծում կամ ընթացք տրվի, բայց ոչ թե բանավոր, այլ արձանագրված փաստաթղթի տեսքով։  Վերջապես դատախազությունից մի փաստաթուղթ ունենք, որով պարզ է դառնում՝ մեր գործը դատախազությունում ընթացքի մեջ է։ Այն ներկա դրությամբ բավարարում է մեզ, մենք մեր պահանջը կատարված ենք համարում, ուստի այստեղ գտնվելն արդյունավետ է»,-նշեց Արզումանյանը։

Կարո Ասատրյանն էլ տեղեկացրեց՝ փաստաթղթից բացի դատախազությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից կան բանավոր հավաստիացումներ, որ ընթացակարգից դուրս որոշակի գործողություններ կատարելու սահմանված ժամկետներ կան, հրատապության ռեժիմով կարձագանքեն իրենց բարձրացրած խնդրին։ 

Նրա խոսքով՝ պատկան մարմինները նշել են, որ երաշխավորում են թատրոնի ստեղծագործական կազմի ստեղծագործելու իրավունքը,  ուստի հնարավոր է  միջանկյալ լուծում գտնել և վերականգնել խաղացանկը, աշխատել մինչև կնճռոտ հարցերը կարգավորվեն։

Փաստաբանը բողոքի ակցիաների կազմակերպումը «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների և նրանց աջակիցների իրավունքը համարեց և հորդորեց դրանք նախաձեռնել միայն օրենքի շրջանակում։ 

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների գործողություններին, լրագրողների հետ զրույցում նշել էր՝ տեղյակ են իրավիճակից և՛ ինքը, և՛ իրավապահ մարմինները։ Նա շեշտել էր՝ կարծում է՝ հետագա գործընթացները նախարարության և թատրոնի տիրույթից դուրս են, և իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ստեղծված իրավիճակին։

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում