Գիտություն

Չինաստանի երիտասարդ տիեզերագնացները հաջողությամբ հասել են ուղեծիր

2 րոպեի ընթերցում

Չինաստանի երիտասարդ տիեզերագնացները հաջողությամբ հասել են ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինական տիեզերանավը երեք հոգուց բաղկացած անձնակազմով, որի կազմում է նաև երկրի առաջին կին տիեզերական ինժեները, շուրջ վեց ժամվա ուղևորությունից հետո հասել է տիեզերակայան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Անձնակազմը վեց ամիս կլինի հայրենական տիեզերակայանում, որտեղ փորձեր կիրականացնի և դուրս կգա բաց տիեզերք: Պեկինը հայտարարել է, որ «Շենչժոու-19» տիեզերանավի արձակումը «լիովին հաջողված» է։ 

Այս առաքելության օդաչուն վետերան տիեզերագնաց է, որին ուղեկցում են տիեզերագնացների նոր սերնդի ներկայացուցիչները՝ ծնված 1990 թվականին։

Սա մեկն է այն 100 արձակումներից, որոնք Չինաստանը նախատեսել է տիեզերական հետազոտությունների առումով ռեկորդային այս տարում՝ փորձելով գերազանցել իր մրցակցին՝ ԱՄՆ-ին:

«Տյանգուն» տիեզերակայանում «Շենչժոու-19»-ի անձնակազմը հանդիպել է այնտեղ գտնվող երեք տիեզերագնացներին, որոնք Երկիր կվերադառնան նոյեմբերի 4-ին։

Չինաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցում տիեզերական ոլորտում։ Հունիսին այն դարձել էր առաջին երկիրը, որը Լուսնի հակառակ կողմից ապարների և հողի նմուշներ էր վերցրել ուսումնասիրության համար։ 

2021 թվականին Չինաստանը Մարսի վրա տիեզերանավ էր իջեցրել և այնտեղ բաց թողել իր մարսագնացը։ 

Չինաստանը նաև նախատեսում է մինչև 2030 թվականը մարդ իջեցնել Լուսնի վրա։

Starlink ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն իր X սոցիալական հարթակում խոստովանել է, որ Չինաստանի տիեզերական ծրագիրը շատ ավելի առաջադեմ է, քան շատերը կարծում են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում