Մամուլի սրահ

Խնայել ժամանակը, խուսափել հերթերից. սոցիալական ծառայությունների թվային գործիքակազմից օգտվողների թիվը նկատելի աճում է

4 րոպեի ընթերցում

Խնայել ժամանակը, խուսափել հերթերից. սոցիալական ծառայությունների թվային գործիքակազմից օգտվողների թիվը նկատելի աճում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների թվային փոխակերպման գործընթացը նկատելի արդյունքներ է գրանցել։ Տարեցտարի թվայնացված ծառայություններից ավելի շատ շահառուներ են օգտվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ ստեղծվել է միասնական սոցիալական պաշտպանության հարթակ, որից հետո թվային են փոխակերպվել ու համալրվել բոլոր այն սոցիալական ծառայությունները, որոնք նախկինում եղել են։  

«Այս ընթացքում կյանքի կոչված խոշոր բարեփոխումներից մեկն անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability հարթակն է։ Այն ամբողջապես փոխակերպեց մարդու՝ պետության հետ շփվելու գործընթացը։ Քաղաքացին այլևս անհրաժեշտություն չունի որևէ թղթաբանության այս համակարգում ծառայություն ստանալու համար։ Անձի նույնականացման տվյալները ևս կան համակարգում։ Սա հնարավորություն է տալիս քաղաքացուն իր կարիքների մասին արագ հայտնել գերատեսչությանը։ Այնինչ նախկինում քաղաքացին ստիպված էր հավաքել իր բժշկական բոլոր թղթերը, անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ համապատասխան գրասենյակ, հերթերի մեջ լինել և այլն»,-ասաց Անահիտ Պարզյանը։

Համակարգը թողարկվել է 2023 թվականի փետրվարի 1-ից։ Մինչև այսօր հարթակում դիմումների թիվը 60 հազարից ավելի է։ Անահիտ Պարզյանն այս ցուցանիշը գոհացուցիչ է համարում։ Նա նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններն արդեն թվային են։ Եվ բոլոր համակարգերը եթե դիտարկվեն, ապա ակտիվ շահառուների թիվը 1 մլն 800 հազար է։

«Դա շատ մեծ ծավալ է և շատ մեծ պատասխանատվություն։ Տեխնիկական մեծ հագեցվածություն, մասնագիտական ներուժ է պահանջվում այդ ամբողջ գործընթացների անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Անահիտ Պարզյանը։ Նրա խոսքով՝ երբ քաղաքացիներն օգտվում են թվային գործիքակազմից ու տեսնում են պարզությունը, դյուրին լինելը, արդյունավետությունը, ապա արդեն սովորում են։ Ակտիվությունը հատկապես տեսանելի է արցախցիների աջակցությանն ուղղված տարբեր ծառայությունների հարթակում։ 

Թվային լուծումները կարևոր են ոչ միայն քաղաքացիների, այլև համակարգի համար։ Ճշգրիտ, տվյալահեն քաղաքականության մշակումն արդյունավետ աշխատանքի գրավականն է։ Որքան ճշգրիտ են տվյալները, որքան արագ արձագանք է տրվում, այնքան ավելի քաղաքացիակենտրոն են կատարվող աշխատանքները։ 

«Թվային գործիքակազմն առաջին հերթին համակարգին հնարավորություն է տալիս բացառել թղթաբանությունը։ Դրանից բացի, հնարավորություն է տալիս աշխատանքները կազմակերպել թափանցիկ, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, համակարգային խնդիրները վեր հանել մեծ ժամանակ չծախսելու պարագայում»,-ասաց Անահիտ Պարզյանը։ 

Սոցիալական ծառայությունների թվայնացման, լավարկման գործընթացը շարունակվում է։ Վերջին նորություններից էր հրատապ արձագանքման իրավիճակների համար վերաթողարկված hratapkariq.am հարթակը։ Այն սպասարկելու է այն քաղաքացիներին, որոնք տուժել են ջրհեղեղից, կարկտահարությունից, ցրտահարությունից, ուժեղ քամիներից, փլուզումից։ Առաջիկայում ևս նոր հարթակներ են գործարկվելու սոցիալական պաշտպանության ոլորտում։ Մասնավորապես, խոշոր հարթակ է գործարկվելու՝ կապված ընտանեկան նպաստների համակարգի հետ։ Այն 26 տարբեր պետական հարթակների համակցման ամբողջություն է, որն էապես բարձրացնելու է աշխատանքի արդյունավետությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում