ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում նոյեմբերի 5-9-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն այս տարի նշում է փառատոնի կազմակերպման 20-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում փառատոնը հանդես է գալիս հագեցած ծրագրով՝ Երևանից բացի ներգրավելով հանրապետության մյուս մարզերը ևս՝ Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում՝ ռեժիսոր Մարտին Սմատանայի «Բարև ամառ» ֆիլմով։
«Հանդիսավոր բացման օրը նշելու ենք փառատոնի հիմնադրման 20-ամյակը և բացի ֆիլմը ներկայացնելուց, այլ միջոցառումներ ևս սպասվում են։ Կլինի համերգային ծրագիր, ցուցադրություն։ Ի դեպ, այս տարի փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հոբելյանին և բացմանը հանդես ենք գալու հետաքրքիր ծրագրով։ Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում ցուցադրվելու է 116 ֆիլմ՝ 31 երկրից»,-ասաց Նունե Մանուկյանը։
Ֆիլմերը ներկայացվելու են մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Ես իրավունք ունեմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ», «Վիշեգրադի լավագույն ֆիլմ», «Հանդիսատեսի համակրանք»։ Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների ու պատանիների նկարահանած լավագույն ֆիլմերը։ Փառատոնը հավատարիմ է իր որդեգրած ձևաչափին և այս տարի ևս մանկապատանեական ժյուրին կազմված է բացառապես երեխաներից ու պատանիներից։
Երևան կժամանեն հյուրեր Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Սերբիայից, Վրաստանից և Ֆինլանդիայից։ Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետաց դասեր, կլինեն ցուցահանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ և այլն: Հյուրերը կկիսվեն իրենց փորձով և կներկայացնեն կինոյի ոլորտում միջազգային փորձառությունները։
«Փառատոնը բավական դժվար ժամանակներ է անցել։ Հիշում եմ մեկնարկային տարին. 2001 թվականն էր, երբ ֆինանսական միջոցները սուղ էին, փառատոնն անցկացրեցինք 20 ֆիլմով, հիմա արդեն 116 ֆիլմ՝ 31 երկրից։ Այն կարևոր իրադարձություն դարձավ Հայաստանի մշակութային ոլորտում։ Փառատոնը նաև իր ազդեցությունն է ունենում պատանիներին ու մանուկներին ուղղված ֆիլմարտադրության ոլորտում։ Մենք ունենք ֆիլմեր, որոնք հենց երեխաներն են նկարում, ինչը շատ ոգևորիչ է»,-ասաց Նունե Մանուկյանը։
Չխախտելով ավանդույթները՝ հնարավորություն է ստեղծվելու փառատոնային բոլոր ծրագրերում ներգրավել մարզաբնակ ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին։ Այդ նպատակով առանձնացվել է 7000-ից ավելի տոմս՝ ուղղված դպրոցներին, տարբեր կազմակերպություններին։