Մամուլի սրահ

Մշակութային տոն Արտաշատում. մեկնարկում է հանրապետական թատերական փառատոնը

4 րոպեի ընթերցում

Մշակութային տոն Արտաշատում. մեկնարկում է հանրապետական թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաշատում նոյեմբերի 1-ին մեկնարկում է երկրորդ հանրապետական թատերական փառատոնը: Փառատոնի ծրագիրը բավական հագեցած է լինելու, մասնակցելու է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։ Բացումը լինելու է Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին նույն օրը հաջորդելու է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս»-ը։ Մինչև նոյեմբերի 8-ը իրենց ներկայացումներով հանդես կգան Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնը, Երևանի պետական կամերային թատրոնը։ Փառատոնը կփակի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ «Իշամեղու» ներկայացմամբ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ նման փառատոններն իրենց մեծ ազդեցությունն են թողնում համայնքային թատերական կյանքի վրա։ Այս գործընթացին մեծապես աջակցում են մարզպետն ու համայնքային իշխանությունները։ 

«Նախորդ տարի, երբ առաջին անգամ անցկացրինք այս փառատոնը, տեսանք, թե ինչ ոգևորություն կա թե մշակութային գործիչների, թե հանդիսատեսի մոտ։ Դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Իրոք, այդ պահանջարկը կա, և այս հագեցած խաղացանկով մարզային թատրոնում ներկայանալը շատ կարևոր նախաձեռնություն է։ Վստահ եմ, որ այն շարունակական է լինելու և կուզենայի, որ այն լավ օրինակ լիներ այլ համայնքների համար ևս»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։ 

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը նշեց, որ այս տարի էլ մեծ ոգևորություն կա։ Ներկայացումների տոմսերը ձեռք բերելու առումով բավական հետաքրքրություն կա ինչպես Երևանից, այլ քաղաքներից, այնպես էլ Արտաշատից ու մոտակա համայնքներից։ 

«Փառատոնի շրջանակում ամենատարբեր նախընտրությունների համար ներկայացումներ ունենք, անմասն չեն մնացել մեր փոքրիկները։ Բավական ծավալուն նախապատրաստական աշխատանք է տարվել, կարծում եմ, որ իրապես թատերական տոն է լինելու Արտաշատում»,-ասաց Կամո Նաղդալյանը։ 

Նա նկատեց, որ այս փառատոնն իր ուղղակի ազդեցությունն է թողնում համայնքի մշակութային կյանքի վրա՝ հաղորդելով նոր շունչ։ Դրանից բացի, անուղղակի ազդեցությունը ևս ակնհայտ է։ 8 օր տևող փառատոնը հյուրընկալում է թատերախմբերի, հյուրերի ամենատարբեր քաղաքներից, իսկ դա նշանակում է, որ ակտիվություն է փոխանցվում հյուրատներին, հյուրանոցներին, տեղի ժամանցային վայրերին։ 

Կամո Նաղդալյանի խոսքով, փառատոնի շրջանակում տոմսերից ստացված գումարով էլ թատրոնի զարգացման գործում։ Այդ համատեքստում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ակտիվ ստեղծագործական փուլում է։ Առաջիկայում հանդես է գալու նոր ներկայացումներով, այդ թվում միջազգային համագործակցությամբ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում