Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Ցոն Հին կորեական պատվիրակության գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրությունը։

Դեսպանությունից հայտնել են, որ ԿԺԴՀ արտգործնախարարի ուղևորությունը ՌԴ տեղի է ունենում ռազմավարական երկխոսության շրջանակներում, որի ակտիվացման շուրջ պայմանավորվածությունը երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք է բերվել 2024 թվականի հունիսյան գագաթնաժողովի ընթացքում։

Ըստ հաղորդագրության՝ «ստորագրված նոր հիմնարար պայմանագրի ոգուն և տառին համապատասխան՝ կողմերը կանոնավոր կերպով խորացված խորհրդակցություններ կանցկացնեն երկկողմ հարաբերությունների և միջազգային քաղաքականության հարցերի շուրջ ինչպես բարձրագույն դիվանագիտական ​​մակարդակով, այնպես էլ վերահսկող արտաքին գործերի փոխնախարարների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև»: 

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Ընդհանուր առմամբ, համաձայնագիրն ունի 23 հոդված։ Համաձայն 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: Պայմանագիրը գործում է անժամկետ։ ՌԴ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում