ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մուլտիպլիկատոր, գրաֆիկ լրագրող և կինոռեժիսոր Օրելն աշխատում է քաղաքական ծաղրանկարների, կոմիքսների և անիմացիայի ոլորտում։ Արվեստագետը, որը համագործակցել է Le Canard Enchainé և Le Monde թերթերի հետ՝ ստեղծելով կոմիքսներ, որոնք անդրադառնում են միգրացիային, ընտանիքի գաղափարին և ոստիկանական բռնությանը, իր գրքերից մեկը նվիրել է հայուհի Արմինեին, որն ապրում և աշխատում է Գյումրիում։
Օրելն օրերս Երևանում մասնակցում էր «ՌեԱ» փառատոնին, որի շրջանակում կազմակերպված ReA Comics Art ցուցահանդեսին հանրությանը ներկայացրեց «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատման հայերեն տարբերակը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արվեստագետը պատմել է պատկերագրքի ստեղծման, Արմինեի հետ հանդիպման և կոմիքսների առաքելության մասին։
-Շատ զարմացա, երբ կարդացի պատկերագրքի վերնագիրը՝ «Արմինեի երեք կյանքերը»։ Ո՞վ է Արմինեն, ինչո՞ւ նա դարձավ Ձեր գրքի հերոսուհին։
-Իրականում այդ գաղափարի հեղինակն իմ ընկերն է՝ Ֆրեդը, որը կիսով չափ հայ։ Նա բավականին հայտնի երգիչ է Ֆրանսիայում։ Ֆրեդի հոր մայրը Ֆրանսիայում է հայտնվել Հայոց ցեղասպանությունից հետո։ Ընկերս մշտապես լսել է հայերեն, սիրել հայերեն խոսքը, սիրել է հայկական ուտեստները, սակայն առաջին անգամ Հայաստան է այցելել քսան տարի առաջ։ Ֆրանսիայում ապրող նրա ընկերները Ֆրեդին հորդորում են գնալ Գյումրի և ծանոթանալ Արմինեի հետ։ Նրան խորհուրդ են տալիս Արմինեի հետ կապ հաստատել ֆրանսիական միջավայրում սիրված երաժիշտ Դանիել Արաբյանի միջոցով։
Դանիել Արաբյանի բարեկամներից մեկն օգնել է Արմինեին դպրոց հիմնել։ Արմինեին առաջին անգամ տեսնելուց հետո ամեն անգամ, երբ Ֆրեդը գալիս է Հայաստան, անպայման այցելում է նրան։ Երկար տարիներ Ֆրեդը ցանկանում էր գրել Արմինեի մասին, անդրադառնալ նրա կյանքի երեք շրջանին։
-Ի՞նչ դպրոց է հիմնադրել Արմինեն։
-Արմինեն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով կորցրել է երկու զավակներին, կորցրել է ոտքերը։ Ինչո՞ւ ենք ասում, որ նա երեք կյանք է ունեցել, որովհետև նրա կյանքի առաջին փուլում Արմինեն երիտասարդ կին էր, որը խնամում էր իր երեխաներին, երկրորդ փուլում կորցնում է ամեն բան ու որոշում սպորտով զբաղվել, մարզվում է, որ մասնակցի Պարալիմպիկ խաղերին, երրորդ փուլում թողնում է սպորտն ու Գյումրիում սպորտային դպրոց բացում հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
-Իսկ Դուք այցելե՞լ եք Արմինեին։
-Իհարկե։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան, գնացի նրան տեսնելու։ Պատկերապատմամբ անդրադարձա Արմինեին, քանի որ նա շատ ամուր և ուժեղ կին է։ Չնայած բոլոր արհավիրքներին, դժվարություններին՝ նա չի հիասթափվել ու շարունակել է ապրել, արարել։ Նա ուժեղ կնոջ փայլուն օրինակ է։ Արմինեն ավելի քան քսան տարի առաջ կարողացավ Գյումրիում հիմնադրել դպրոց։ Հատկապես այդ ժամանակներում Հայաստանում նման քայլ անելը կնոջ համար չափազանց դժվար էր։
-Գրքի ֆրանսերեն տարբերակն արդեն ներկայացվել է Ձեր երկրում։ Ի՞նչ արձագանք է այն գտել։
-Այն հատկապես մեծ ընդունելության արժանացավ հայկական լսարանի կողմից։ Մենք նաև հայերեն տարբերակն ենք ներկայացրել Ֆրանսիայում։ Պատկերապատումը բարձր են գնահատել ու ջերմ ընդունել։ Չեմ կարող ասել, որ պատկերագիրքը չափազանց մեծ հաջողություն է գրանցել, բայց սիրվել է։
-Հասարակության մեջ կա մի շերտ, որի համար կոմիքսն ուղղակի ժամանց է, այնինչ մենք տեսնում ենք, որ այն լուրջ թեմաների է անդրադառնում։ Դա երևում է ոչ միայն Ձեր այս գրքում, այլև Ձեր «Ջոզեպ» անիմացիոն ֆիլմում, որը մի շարք մրցանակների է արժանացել։ Ըստ Ձեզ՝ պատկերապատման հիմնական առաքելությունը ո՞րն է։
-Չեմ կարող ասել, որ կոմիքսը հստակ առաքելություն ունի։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ հանրային ձայնի իրավունք ունի և կարող է իր լեզվով, իր արտահայտչամիջոցներով պատմություններ պատմել։ Մենք կարող ենք պատմել մարդկանց մասին, որոնք հայտնի չեն, սակայն հետաքրքիր են, նրանց մասին պետք է իմանալ։ Ժամանցը ևս մշակույթի մի մաս է, բայց մեր նպատակը լավ պատմությունները հանրայնացնելն է։ Պատկերապատումը հնարավորություն է տալիս լուրջ ու հուզիչ պատմություններ պատմել և չկիրառել դաժան կադրեր։ Մենք երբեմն հեռվից ենք խնդիրը ցույց տալիս ու դեմ առ դեմ չենք կանգնում դրան, սակայն պատմությունը շարունակում է իրական ու ճշմարիտ լինել։
-Գիտեմ, որ այժմ աշխատում եք Ձեր երկրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի վրա։ Կբացե՞ք փակագծերը։
-Մտածում էի խաղարկային ֆիլմ նկարելու մասին, բայց այն շատ թանկ հաճույք է։ Այժմ նոր անիմացիայի վրա եմ աշխատում և «Ջոզեպ»-ի հաջողության շնորհիվ ավելի հեշտ է ֆինանսավորում գտնելը նոր ֆիլմի համար։ Նոր ֆիլմը վեսթերն է, որի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայի հարավում։ Մենք գիտենք, թե 19-րդ դարի վերջին ինչ էր տեղի ունենում ԱՄՆ-ի արևմուտքում, սակայն չգիտենք, թե ինչ էր կատարվում Ֆրանսիայի հարավում։ Պատմելու եմ այն մասին, թե այդ ժամանակներում իշխանությունն ինչ քաղաքականություն էր վարում, ինչպես էր փորձում ջնջել տարածաշրջանային լեզուներն ու ցանկանում էր ստիպել մարդկանց միայն ֆրանսերեն գրական լեզվով խոսել։ Ոչ մի բռնություն չկար, սակայն տարբեր եղանակներով հասնում էին իրենց ուզածին. ստիպում էին պարտադիր դպրոց գնալ։ Թվում է՝ դա լավ բան է, որովհետև դպրոցներն անվճար էին, բայց կրթությունը միայն ֆրանսերեն էր, ուստի ազգային փոքրամասնությունները կորցնում էին իրենց լեզուն։
Գլխավոր հերոսը կովբոյ է, որը Մեքսիկայից գալիս է Ֆրանսիայի հարավ։ Նա գիտի, թե ինչ հակամարտություններ կան ամերիկացիների և հնդկացիների միջև, սակայն գալով Ֆրանսիա՝ այլ տեսակի պատերազմ է բացահայտում, որը լեզվի և մշակույթի մակարդակով է, իսկ թե ինչու է նա մեկնում Ֆրանսիա, կպարզեք ֆիլմը դիտելուց հետո։
-Պարոն Օրել, անչափ շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Անհամբերությամբ կսպասենք նոր ֆիլմին։
-Ես ևս շնորհակալ եմ։